Ինչպես հայտնի է՝ Երեւանի ավագանին այսօր հրավիրած իր արտահերթ նիստում բնակարաններ կտրամադրի Երեւան քաղաքի պատվավոր քաղաքացի Ռուբեն Մաթեւոսյանին եւ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանին։ Երգչին կտրամադրվի 62.7 քմ մակերեսով բնակարան Սիսակյան փողոցում։ Նա իր կնոջ, որդու ընտանիքի, մյուս որդու եւ դստեր հետ բնակվում է մեկ հարկի տակ` փոքր բնակարանում: Նույն շենքից բնակարան կստանա նաեւ Ռուդոլֆ Ղեւոնդյանը։
«Ժողովուրդ»-ը Ռուդոլֆ Ղեւոնդյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ պայմաններում է մինչեւ այժմ ապրում, արդյո՞ք նա քաղաքապետին խնդրել բնակարան տալ, թե՞ դա հենց վերջինիս նախաձեռնությունն է։
Ռուդոլֆ Ղեւոնդյանը մեզ տեղեկացրեց, որ բնակարանի տրամադրման հարցով ինքն է դիմել քաղաքապետին. «Խնդրել եմ, անպայման, իհարկե, դիմել եմ, եւ նրանք հարգել են դա։ Բայց դիմելուն էլ կարգ կա, ձեւ կա։ Մենք ցիվիլ մարդիկ ենք, ամեն ինչ ձեւ ունի։ Գալիս է մի պահ, երբ արվեստագետը ցանկություն է ունենում ազատ մթնոլորտում ստեղծագործելու, աշխատելու»,-ասաց նա։
Պարոն Ղեւոնդյանը նշեց, որ մինչեւ այժմ բնակվում էր կնքահոր բնակարանում. «Բայց սպասողական վիճակի մեջ էի, ակնկալում էի, որ մի օր ինձ կգնահատեն»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան