«Վստահեցնում եմ, որ իմ հայտարարությամբ ես չեմ ցանկացել վիրավորել ո՛չ Հանրապետական կուսակցությանը, ո՛չ էլ ՀՀԿ նախագահին: Այլ ուղղակի ցանկացել եմ մեկ անգամ եւս նշել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այլ ուժերի ու անձանց հետ արհեստականորեն կապելու փորձերը անիմաստ զբաղմունք են»,- երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով իր հնչեցրած հայտարարությունը եւ ավելացրել,- «Մենք քաղաքական դաշտում միշտ առաջնորդվել ենք կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքով, ինչը ապագայում եւս լինելու է մեր ձեռագիրը»: Գագիկ Ծառուկյանին ուզում ենք հիշեցնել հայտնի ասացվածքը. «Խոսքը արծաթ է, լռությունը` ոսկի»: Այսինքն` իր իսկ գնահատմամբ, այդ անիմաստ զբաղմունքի կարիքը չէր զգացվի, եթե նա հետեւեր ասացվածքին: Եվ երկրորդը, անհայտ է մնում մի հարց եւս` այդ ո՞ր քաղաքական գործչին` Էդուարդ Շարմազանովի՞ն, թե՞ Ռազմիկ Զոհրաբյանին է Գագիկ Ծառուկանը համարում ծանրակշիռ գործիչ, որոնց խոսքերին ի պատասխան փաստացի ներողություն է խնդրել: Մեկ օր առաջ նրա խոսնակն ասում էր, թե ծանրակշիռ չեն նրանք, եւ նրանց խոսքերը չեն էլ զեկուցում Ծառուկյանին: Ինչեւէ, կարելի է արձանագրել, որ Հանրապետականն այս միջադեպից դուրս եկավ 1-1 հաշվով, քանի որ Գագիկ Ծառուկյան-Ռուբեն Հայրապետյան մոտ 1 տարի առաջվա հրապարակային վեճն էլ ավարտվել էր Ռուբեն Հայրապետյանի կողմից կոալիցիոն գործընկերներից ներողություն խնդրելով:
ՀԱՇԻՎԸ` 1:1
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ