Բուռն քննարկման արժանացած «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» եւ հարակից օրենքների փաթեթն առաջիկայում կհայտնվի խորհրդարանի օրակարգում։ Այն հանրային քննարկման եւ բուռն քննադատությունների առիթ է դարձել:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ, որը լինելու է ՀՀ վարչապետին կից խորհրդատվական մարմին եւ ունենալու է կոնկրետ գործառույթներ. նախապատրաստել ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության նախագիծը, դրա իրականացմանն ուղղված ծրագրերը, քննարկել ընտանեկան բռնության կանխարգելմանն առնչվող առանձին հարցեր, հրատապ խնդիրներ եւ մշակել համապատասխան առաջարկություններ։
Այս խորհրդի անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով՝ վերանշանակման իրավունքով: Խորհուրդը նախագահ է ընտրելու իր կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թվից՝ խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ 2 տարի ժակետով, առանց վերընտրման իրավունքի: Ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար առաջարկվում է հիմնադրել նաեւ ժամանակավոր ապաստարան։
Նախագծի ընդդիմախոսները նշում են, որ սա հայկական ավանդական ընտանիքի հենքերը խարխլող նախագիծ է, իսկ նախաձեռնության համակիրներն էլ պնդում են, որ այն նույնիսկ ուշացած է: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս նախագծում կանխարգելում չի տեսնում:
«Դե, օրենքը ընդունում են նրա համար, որ նպաստի ընտանեկան բռնության կանխարգելմանը, եթե չի նպաստում, դառնալու է մեռյալ տարր: Եթե չգործի, մեծ դժբախտություն չկա դրա մեջ: Ավելի լավ է ընտանեկան բռնության դեպքեր չլինեն, եւ օրենքն էլ թող չգործի», – նշեց նա:
Աջապահյանի խոսքով՝ այս նախագիծը կարող է ոչինչ էլ չտալ: «Բայց քաղաքակիրթ երկրներն ունեն նման օրենքներ, ապա պատշաճ է, որ Հայաստանն էլ՝ որպես քաղաքակիրթ երկիր, ունենա: Ունենալուց հետո կծառայի նպատակին, թող ծառայի, չի ծառայի, մեծ ողբերգություն չկա: Եթե մենք կարողանանք ապրել առանց ընտանեկան բռնության, կարող ենք ապրել նաեւ առանց օրենքի», – հավելեց նա:
Շիրակի թեմի առաջնորդի խոսքով՝ ընտանեկան բռնության դեմ պայքարը պետք է սկսել մանկապարտեզից, այստեղ անելիք ունի առաջին հերթին կրթության եւ գիտության նախարարությունը, այնուհետեւ արդեն միայն սոցիալական հարցերի եւ աշխատանքի ու առողջապահության նախարարությունները:
Նաիրա Հովհաննիսյան