Այս տարվա պետական բյուջեն թերակատարման վտանգի առաջ է. այդ են հուշում հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշները:
2017թ. բյուջեի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեն 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 135 մլրդ դրամը լինելու են միայն հարկային եկամուտներն ու պետական տուրքերը: Սակայն նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին նորանշանակ կառավարությունը, ոգեւորված իր սկզբնական հաջողություններով, ճշգրտել էր ցուցանիշները՝ բարձրացնելով բյուջեի եկամուտների հավաքագրման նշաձողը՝ ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշումը: Ըստ այդմ, տարեկան ճշտված պլանի համաձայն՝ 2017թ. պետական բյուջեում միայն հարկային եկամուտներն ու պետական տուրքերը սահմանվեցին 1 տրիլիոն 200 մլրդ 705,9 մլն դրամ: Ցուցանիշ, որն այս կառավարությանը հազիվ թե հաջողվի ապահովել մինչեւ տարեվերջ:
Բանն այն է, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 835 մլրդ 136,5 մլն դրամ: Սա այս տարվա բյուջեի ծրագրված հարկային եկամուտների 73.5 տոկոսն է, ճշգրտված ցուցանիշի՝ 69.5 տոկոսը: Ու, փաստորեն, մինչեւ տարեվերջ իշխանությունները դեռ պետք է հավաքագրեն հաստատված պլանով՝ 299.8 մլրդ դրամ, ճշգրտված պլանով՝ 365 մլրդ 569 մլն դրամ:
Կառավարությունն, իհարկե, վարչապետ Կարեն Կարապետյանի «դմփոց-ռեֆորմների» մասին հայտարարությունների ազդեցության տակ կփորձի համոզել, թե հունվար-սեպտեմբեր ամսիների հավաքագրման ցուցանիշները նախորդ տարվա համեմատ ավելացել են 6,5 տոկոսով, այսինքն՝ իրենք այս ընթացքում աշխատել են գերազանց ու նույն տեմպերը պահպանելու են մինչեւ տարեվերջ: Սակայն եթե հիշենք, թե 2016թ. առաջին եռամսյակում ինչպիսի ողբալի վիճակում էր բյուջեի հավաքագրման մակարդակը, ապա բնական է, որ համեմատության մեջ այս տարի, եթե իրադարձությունները հակառակ հունով չընթանային, մեծ, նույնիսկ շատ մեծ աճ պետք է արձանագրվեր: Այլ կերպ ասած՝ սա ոչ այնքան գործող կառավարության հաջողությունն է, որքան նախորդի ձախողումների հետեւանքը:
Այնպես որ, Կարեն Կարապետյանի կառավարությունը դեռ ապացուցելու տեղ ունի. կկարողանա՞ առաջիկա երեք ամիսներին մոտ 100-ական միլիարդ դրամ հավաքագրելով վերջապես կատարել բյուջեն, թե՞ ոչ: Դատելով սոցիալ-տնտեսական վերջին զարգացումներից՝ սա շատ դժվար է լինելու: Ի վերջո, ամռան ամիսներին, չնայած այն հանգամանքին, որ կառավարությունն «աննախադեպ» տնտեսական աճ էր արձանագրել եւ քաղաքացիներին էլ համոզում էր, որ արդեն իրենց մաշկի վրա երեւում է աճի ազդեցությունը, այդպես էլ չէր հաջողվել 95 մլրդ-ից ավելի գումար հավաքագրել: Ողջ տարվա ընթացքում միայն մեկ անգամ՝ ապրիլին է հաջողվել 107.3 մլրդ դրամ հավաքագրել, բայց սա այն պատճառով, որ գործարարները շահութահարկը սովորաբար վճարում են հենց այդ ամսին, նաեւ սեպտեմբերին հաջողվել է 99.8 մլրդ դրամ հավաքագրել: Իսկ մյուս ամիսներին հարկահավաքչության ցուցանիշներն առանձնապես ոգեւորիչ չեն: Եւ հետո՝ ինչպես նկատել եք՝ տնտեսական աճի տեմպերը գնալով դանդաղում են՝ իրենց հերթին բերելով հարկային եկամուտների կրճատման: Այնպես որ, կառավարությանը լուրջ փորձություններ են սպասվում:
Ընդգծենք, որ այս ամենը վերաբերում էր պետական բյուջեի հարկային եկամուտներին: Բայց դրանցից բացի՝ բյուջեում սպասվում են նաեւ այլ եկամուտներ եւս՝ պաշտոնական դրամաշնորհների տեսքով, որ կազմում է 30.9 մլրդ դրամ (ըստ տարեկան ճշգրտված պլանի՝ այդ ցուցանիշն ավելի բարձր է՝ 35.6 մլրդ դրամ): Մեր աղբյուրները պնդում են, որ այս հարցում եւս իշխանությունները հայտնվել են լուրջ խնդրի առաջ, քանի որ սպասվող դրամաշնորհների մի մասը միգուցե եւ ընդհանրապես չտրամադրվեն, եւ արդյունքում՝ կառավարությանը չհաջողվի ապահովել ՀՀ պետական բյուջեի 1 տրիլիոն 210 մլրդ դրամ եկամուտը: Պատահական չէ, որ ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի հաշվետվության մեջ նշված է, թե այդ ընթացքում ստացվել է ակնկալվող դրամաշնորհների 33.8 տոկոսը: Այս տենդենցները պահպանվել են նաեւ հաջորդող ամիսներին: Այնպես որ, ՀՀ պետական բյուջեի եկամուտներն իրոք թերակատարման վտանգի առաջ են:
Ի դեպ, նշենք՝ առաջին տարին չէ, որ բյուջեն չի կատարվում, ընդհակառակը, վերջին տարիներին սա դարձել է սովորույթ, եւ հիմա այդ ավանդույթները շարունակվում են:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ