Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի կռիվը նոր թափ է ստանում: «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 8-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի:
Պարզեցինք, որ վերջինս Վարդան Ղուկասյանից պահանջում է 359 հազար 341 դրամ գույքահարկի գումար: ՀՀ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանը, ուսումնասիրելով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի դիմումը, պարզել է, որ ներկայացված հայցադիմումը եւ կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, հետեւաբար նույն օրենսգրքի համաձայն՝ այն պետք է ընդունել վարույթ։
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը դատի է տվել Ձեզ՝ գույքահարկը չվճարելու համար: Ինչո՞ւ չեք վճարել, գումար չունե՞ք: Դուք եղել եք քաղաքապետ եւ գիտեք, որ պարտադիր պետք է գույքահարկը վճարել:
-Յա, յա, յա, Դուք այդպես ուզում եք իմանալ, թե ես վճարե՞լ եմ կամ ինչո՞ւ չեմ վճարել, բոլորն էլ մենք վճարել ենք:
-Այդ դեպքում ինչո՞ւ է քաղաքապետը դիմել դատարան:
-Իրենք իրենց գործունեությունն ունեն, եթե ամեն մարդ չի վճարում, պետք է դատարանով վճարի:
-Հիմա Դուք չեք վճարել, իրենք էլ դիմել են:
-Մենք վճարել ենք:
-Այդ դեպքում ինչո՞ւ են դատի տվել, կարո՞ղ է՝ Ձեզ հետ այլ խնդիր ունեն:
-Տո դու ուրիշ բաների մասին մի՛ մտածի, նման բաների հետեւից մի՛ ընկի, ամոթ է, հաջողությո՛ւն:
Դատելով ստեղծված իրավիճակից՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը աչք է փակել կամ արհամարհել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի կողմից սահմանված կարգով գույքահարկ վճարելու կանոնները եւ տարիներ շարունակ այն չի վճարել, իսկ Սամվել Բալասանյանն էլ՝ տեսնելով, որ չի կարողանում ԱԺ պատգամավորից գումար պոկել, ընկել է դատարանի դռները:
Հիշեցնենք, որ նախկին ու ներկա քաղաքապետերը վաղուց լարված հարաբերություններ ունեն: Վարդան Ղուկասյանի որդին 2014 թվականին գնացել էր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ եւ սպառնալիքներ էր հնչեցել, այս դեպքից հետո Սամվել Բալասանյանի հրամանով Վարդան Ղուկասյանի դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, ազատվել էր Գյումրու արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնից։ Նախկին քաղաքապետի դուստրը իր ազատման դիմումի մեջ Սամվել Բալասանյանին մաղթել էր չարությունը հանել, բարիանալ։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան