Վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերն ամեն քայլափոխի շարունակում են հիմնավորել տեսակետը, որ իրենք կառավարությունում չունեն որեւէ անելիք, որ նախարարի պորտֆելն ամենեւին էլ «իրենց հագով չէ»: Օրինակ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը «ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կարող է նշել 3 ձեռքբերում, որը գյուղացու կյանքը թեթեւացրել է, նա այսպիսի պատասխան է տվել. «Հույս, հավատ, սերը որ կա, հիմա այդ փուլում ենք»: Իսկ վերջին շրջանի թանկացումների, հատկապես մսի գնի բարձրացման մասին խոսելիս էլ նախարարն ասել է. «Երբեք պետք չի դրանից անհանգստանալ, դա ուղղակի այս իրավիճակից ելնելով է: Շուկան կկարգավորի դա: Ես չեմ հավատում, որ գները կբարձրանան, կիջնեն, նորից կբարձրանան: Այս բարձրացումը ավելի շատ պանիկային բարձրացում է, հետո իջեցում կլինի: Ինչպես ամեն ինչն է երկրում կարգավորվում: Ամեն ինչ փոփոխական է, չի կարող լինել միշտ նույն գինը»: Համաձայնեք՝ ոչ ադեկվատ պատասխան է:
Հիշեցնենք՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ գյուղացիներին խորհուրդ էր տալիս աղոթել, որ առատ բերք ստանան:
Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նախագահի աշխատակազմում սեպտեմբերին 54 հաստիք է կրճատվել: Կարգադրությունը Ս. Սարգսյանը ստորագրել է սեպտեմբերի 1-ին: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ճշտել, թե կոնկրետ ո՞ր հաստիքներն են կրճատվել, սակայն հայտնի դարձավ, որ այդ գործընթացի արդյունքում 29 մլն դրամ է տնտեսվել: Ու հիմա տնտեսված 29 մլն դրամն ուղղվելու է կառավարության պահուստային ֆոնդ: Կառավարության առաջիկա նիստում ներառված է այդ մասին համապատասխան որոշման նախագիծ: Հիշեցնենք, որ եւս 159 հաստիք էլ նախագահականում նախատեսված է կրճատել հաջորդ տարի, քանի որ սահմանադրական փոփոխությունների հետեւանքով կրճատվելու են նախագահի, նաեւ նրա աշխատակազմի լիազորությունները:
Հայաստանում թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են դժվար կացության առաջ: Նրանք Ռուսաստանից մեծ քանակությամբ թռչնամսի ներմուծման ներկայիս ծավալների դեպքում չեն կարող դիմանալ մրցակցությանը. ՌԴ-ից ներկրված թռչնամիսն ավելի էժան է, քան տեղական արտադրանքը, եւ սպառողներն էլ, բնականաբար, ընտրում են էժան ապրանքը: Թե ինչու է այսպես ստացվել, դժվար չէ ենթադրել. տեղական արտադրողի առաջին խոչընդոտը նման դեպքերում էներգակիրների բարձր սակագինն է, թանկ թռչնակերը: Սյունիքի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Սամվել Արզումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդել է. «Ռուսաստանը գազ վաճառող երկիր է, բացի այդ` կերի խնդիր չունեն: Այսօր մարդիկ տեսնում են, որ արտադրելով գումար չեն աշխատում, ներմուծում են: Իսկ մենք աշխատող ենք պահում, պետությանը հարկ ենք վճարում, ընտանիք ենք կերակրում: Դրա համար թանկ է ստացվում մեր արտադրանքը: Այսպես շարունակվի, մենք էլ կփակվենք»:
Հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որի շրջանակում ընտրվելու է միության նոր նախագահ եւ վարչություն: Մինչ այդ 30-ից ավելի ֆիլմերի օպերատոր, կինոմիության անդամ Լեւոն Աթոյանցը մեզ հետ զրույցում նշեց՝ միությունը պետք է այնպիսի մեկը ղեկավարի, ով հարգանք է վայելում Հայաստանում, ով կարող է միությանը փող բերել, կորցրածը վերականգնել: Մինչդեռ, ըստ նրա, կինոմիությունը այս տարիների ընթացքում ունեցել է մի շարք անդառնալի կորուստներ. «Միության 90 տոկոսը ծախել են ուրիշ հիմնարկների, ընդամենը երեք սենյակ է մեզ մնացել, գողացել են։ Դիլիջանում սեփական հանգստի տուն ունեինք՝ քոթեջներով, դահլիճներով, լողավազաններով, դա էլ ծախեցին։ Պիժոն-պիժոն էին խաղում, մասսոն էին դարձել, ինչ էին արել»։ Հիշեցնենք, որ Կինեմատոգրաֆիստների միության նախագահը Ռուբեն Գեւորգյանցն էր, որը մահացավ, ու հիմա նրա որդին է ցանկանում միության նախագահ ընտրվել:
Ո՞Վ ԽԱԲԵՑ
Չեխիայի խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է հայաստանյան վերջին խորհրդարանական ընտրություններին՝ շեշտելով՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ անցկացվում են ազատ եւ արդար ընտրություններ: «Շատ ուրախ ենք եւ ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանում խորանում են մարդու իրավունքների պաշտպանությունը եւ ժողովրդավարությունը, ինչը Չեխիան շատ է գնահատում: Հայաստանը դիտում եմ որպես ժողովրդավարական երկիր, որտեղ ազատ, անկախ ընտրություններ են կայանում, եւ որտեղ կա խոսքի ազատություն»,- ասել է նա: Չեխիայի սենատի նախագահը չի մանրամասնել, թե ո՞վ է համոզել, որ Հայաստանում ազատ, անկախ ընտրություններ են անցկացվում: Բանն այն է, որ ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների դեսպաններն ընտրություններից հետո միանգամայն այլ կարծիք հայտնեցին: Երբ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին քննադատել էր Հայաստանում անցկացված ընտրությունները, հայտարարել, որ ընտրակաշառքների բաժանելու, ձայներ գնելու դեպքեր են գրանցվել, դեպքեր են եղել, երբ մարդկանց ստորացրել եւ ծեծի են ենթարկել, ՀՀ իշխանություններն անմիջապես հարձակվել էին նրա վրա՝ հակադարձելով, թե դեսպանը միջամտում է մեր երկրի օրենքներին: Ու այդ ժամանակ եվրոպական մի շարք երկրների դեսպաններ իրենց հայտարարություններով սատարեցին Սվիտալսկուն: Նրանց մեջ էր նաեւ Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան, որն ասել էր, թե Սվիտալսկու հայտարարությունը երկրի ներքին գործերին միջամտելու դեպք չէ. «Հենց Հայաստանի կառավարությունն է խնդրել ընտրական գործընթացի ժամանակ տեխնիկական մասով միջազգային դոնորների աջակցությունը: Հայաստանի կառավարությունը Եվրոպայի Խորհրդի եւ միջազգային մի քանի այլ ինստիտուտների հետ մի շարք համաձայնագրեր է ստորագրել, եւ այս համաձայնագրերով նախատեսված են Հայաստանի որոշակի պարտավորություններ: Եթե դիտորդական առաքելությունը եզրակացրել է, որ ընտրությունների հետ անհամատեղելի որոշ պահեր են եղել, ես պատճառ չեմ տեսնում, որի համաձայն Սվիտալսկին չէր կարող իր կարծիքը հայտնել»,- ընդգծել էր դեսպանը: Ու այսքանից հետո, երբ Չեխիայի խորհրդարանի նախագահը տրամագծորեն հակառակ կարծիք է հայտնում, մի տեսակ անհասկանալի է: Չնայած, դժվար չէ ենթադրել, որ ՀՀ իշխանությունները կարողացել են հանդիպումների ժամանակ հայկական հյուրասիրությամբ եվրոպացի պաշտոնյայի «ականջներից լապշաներ կախել» ու հեքիաթներ պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին: Իսկ միգուցե նա փորձեր նախապես այս թեմայով խորհրդակցել իր երկրի դեսպանի հետ, որն ավելի լավ կներկայացներ իրավիճակը: