ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ԻՐ ԿՈՂՔԸ ՊԱՀԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Ազգային ժողով էին այցելել Չեխիայի սենատի անդամները` նախագահ Միլան Շտեյխի գլխավորությամբ: Այս օրերին չեխական պատվիրակությունը տարբեր հանդիպումներ է ունենում ՀՀ պաշտոնյաների հետ, իսկ երեկ էլ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալուց հետո Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը եւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարությամբ հանդես եկան լրատվամիջոցների համար:

Հայաստան այցի շրջանակներում Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը հոկտեմբերի 4-ին մասնակցել է հայ-չեխական գործարար համաժողովի, որի բացման ընթացքում, ելույթ ունենալով, Սենատի նախագահն անդրադարձել է հայ-չեխական հարաբերություններին եւ հույս հայտնել, որ կզարգանա երկկողմ ներդրումային եւ գործարար միջավայրը:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից վերջերս մի տեսանյութ էր հրապարակվել, որից պարզ էր դառնում, որ չեխական ռազմական տեխնիկան հայտնվել է ադրբեջանական բանակի տրամադրության տակ: Խոսքը հաուբիսների եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին է: Սակայն հետաքրքիրն այն է, որ պաշտոնական Չեխիան հերքում է Ադրբեջանին զենքի վաճառքը եւ համոզված պնդում, որ Չեխիան էմբարգո է պահպանում Ադրբեջան զենքի առաքման մասով:
Հանդիպումների, ՀՀ-ԵՄ համաձայնագրի եւ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պատվիրակության անդամ, չեխ պատգամավոր Միրոսլավ Նենուտիլի հետ:
-Պարո՛ն Նենուտիլ, Ձեր առաջի՞ն այցն է Հայաստան, ի՞նչ հանդիպումներ եք ունեցել եւ ի՞նչ հարցեր եք քննարկել:
-Սա իմ առաջին այցն է Հայաստան, նախօրեին հանդիպում ենք ունեցել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, այսօր էլ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում մշակութային եւ տնտեսական համագործակցության հետ կապված: Կարծում եմ` քննարկումներն առաջիկայում կտան իրենց արդյունքը: Այսպիսի այցերը կնպաստեն նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը:
-Առաջիկայում նախատեսվում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրում: Որքանո՞վ է այն կարեւոր Հայաստանի համար:
-Ես կարծում եմ, որ բոլոր երկրներն էլ պետք է ամրապնդեն հարաբերություններ ԵՄ-ի հետ: Հայաստանն ամենահարավային երկրներից է, եւ կարծում եմ, որ այդ համաձայնագիրը շատ դրական կարող է անդրադառնալ Հայաստանի վրա: Կարծում եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի եւ Չեխիայի հարաբերություններն առավել կխորանան: Սակայն պետք է նշեմ, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը եւ տնտեսական կապերը դրական զարգացման հունով են ընթանում: Եվ այդպիսի կապերի ընդլայնումն ու տնտեսական հարաբերությունների խորացումն իր հերթին կնպաստի երկու երկրների առավել սերտացմանը:
-Ռուսաստանը չի՞ խոչընդոտի՝ ստորագրելու այդ պայմանագիրը:
-Իհարկե, Ռուսաստանը ցանկանում է իր կողքին պահել բոլորին` Հայաստանին, Ուկրաինային, Վրաստանին՝ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներին: Բայց դա իրենց ցանկությունն է. վերջնական որոշում պետք է կայացնեն հենց այդ երկրները:
-Քննարկել եք արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցեր: Ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:
-Ես կարծում եմ, որ այս հարցի պատասխանը ոչ ոք չգիտի, սակայն մեկ բան հստակ է, որ հարցը պետք է կարգավորվի միայն բանակցությունների միջոցով` դիվանագիտական ճանապարհով: Այլ ճանապարհ չկա. այստեղ պետք չէ ո՛չ պատերազմ, ո՛չ էլ այլ միջոցներ, միակ ելքը բանակցություններն են: Ես կարծում եմ, որ շանսեր միշտ առկա են, միայն պետք է ճիշտ օգտագործել: Ես կողմ եմ միայն մեկ տարբերակի, դա Մինսկի խմբի համանախագահների միջոցով հարցի խաղաղ կարգավորումն է, եւ կարծում եմ, որ գերտերություններ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան պետք է կարողանան ապահովել խնդրի արդար եւ խաղաղ լուծումը:
-Վերջերս մեծ քննարկում ծավալվեց Ադրբեջանին Չեխիայի կողմից սպառազինության վաճառքի մասին: Իսկապես Չեխիայի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառվե՞լ է:
-Ես հստակ կարող եմ ասել, որ Չեխիան Հայաստանին զենք չի վաճառել: Տեղյակ եմ, որ հայկական լրատվամիջոցներն էլ անդրադարձել են այս թեմային: Ցանկանում եմ վստահեցնել, որ Չեխիայի կառավարությունն Ադրբեջանին զենք չի վաճառել: Չեխիան հարգում է զենքի վաճառքի այն էմբարգոն, որը դրված է հակամարտության մեջ գտնվող երկրների վրա: Մենք չգիտենք, թե ինչպես են չեխական զենքերը հայտնվել ադրբեջանական բանակում: Միգուցե երկրորդ կամ երրորդ երկրների միջոցով, բայց վստահեցնում եմ՝ Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՊՆ-ԻՑ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
«Սատուրն-Ակիա» ընկերությունը, որից պաշտպանության նախարարությունը Քառօրյա պատերազմից հետո 50 միլիոն 706 հազար դրամով 18 հատ պայթյունի ուժգնությունը հզորացնող սարք էր գնել, այս օրերին դատի է տվել նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականին սեպտեմբերի 28-ին «Սատուրն-Ակիա» ՓԲԸ-ն դիմել է դատարան եւ պահանջում է, որ դատարանը պարտադրի ՀՀ պաշտպանության նախարարությանը իրեն տրամադրել շուրջ 3 միլիոն դրամ: Չի բացառվում, որ ՊՆ-ն սարք է գնել, սակայն չի կատարել գումարային պարտավորությունը, եւ ընկերությունը դատարանի դռները ընկնելով է փորձում պահանջել իր գումարը:

 

 

«ԽԹԱՆՈՒՄ ԵՆ» ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանյան իշխանությունները ամեն պատեհ-անպատեհ առիթի խոսում են ծնելիության խթանման մասին, բայց իրականում որեւէ լուրջ քայլ չեն անում այդ ուղղությամբ: Սրան զուգահեռ անելանելի դրության մեջ են հայտնվել մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող մայրերը, որոնց ընկերությունների լուծարվելուց հետո իրենք չեն կարողանում ստանալ խնամքի նպաստները: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն, ինչին ի պատասխան՝ մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանն ասաց. «Ընկերության լուծարվելուց հետո, աշխատողը դադարում է այդ ընկերության աշխատողը լինել, հետեւաբար չի ստանալու 18 հազար դրամը: Դա նաեւ ամրագրված է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 28.1 հոդվածում` խնամքի նպաստի իրավունքը դադարում է, ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծարելու դեպքում»: Հետաքրքիր է՝ այս իրավիճակում ինչպես են ծնելիության մակարդակը բարձրացնելու, եթե այս մարդկանց համապատասխան ֆինանսական աջակցություն չեն ցուցաբերում: Հուսանք՝ այս տեմպերով Սերժ Սարգսյանին կստացվի 2040 թվականին բնակչության թվաքանակը հասցնել 4 միլիոնի:

 

 

ՉԳԻՏԻ` ՌԻՍԿԱՅԻՆԸ ՈՐՆ Է
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ն ու ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի «Քեթրին գրուպ»-ը հայտնվել են ռիսկային ընկերությունների ցանկում: Այս մասին երեկ հայտարարեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: Նշենք, որ ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացրել «Քեթրին գրուպ» եւ «Մուլտի գրուպ» ընկերություններում: Ըստ Վարդան Հարությունյանի` համակարգիչն ընտրում է ռիսկային ընկերություններին, որտեղ պետք է տվյալ տարում ստուգումներ անցկացվեն. «Այդ երկու ընկերությունները 2016 թվականին ներառված են եղել 2017 թվականի ստուգումների ցանկում եւ այս տարի պետք է ստուգվեին»: Սակայն «Մուլտի գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը չի պատկերացնում, թե ինչ է ռիսկային ասել: «Ես չգիտեմ, թե ինչպես են ռիսկայնությունը հաշվել: Իսկապես չգիտեմ, թե որն է ռիսկայինը: Ես միայն կարող եմ ասել, որ մենք մեր հարկային պարտավորությունները կատարում ենք ժամանակին: Մենք ոչ մի հարկային պարտավորության ուշացում, չվճարված հարկ չունենք»,- ասաց Ս. Առուստամյանը: Իսկ «Քեթրին գրուպ» մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

 

 

ԲՈՂՈՔՈՂՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ բողոքները գնալով ավելի լայն թափ են ստանում: Այս անգամ համակարգի դեմ են դուրս եկել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական կազմակերպությունները, պոլիկլինիկաները: Ինչպես մարզային, այնպես էլ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող պոլիկլինիկաները դժգոհում են համակարգից օգտվելու դիմաց «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» անհայտ ՓԲԸ-ի սահմանած սակագներից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախօրեին պոլիկլինիկաների ղեկավարները այս հարցով անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան եւ խնդրել միջամտել: Նրանց պնդմամբ՝ ընկերության սահմանած գներով համակարգից օգտվելը լրացուցիչ բեռ է իրենց համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ այս թեմայի շուրջ պետք է քննարկում անցկացվեր առողջապահության նախարարի մոտ: Սակայն այն տեղի չի ունեցել, քանի որ նույն թեմայով քննարկումը երեկ եղել է կառավարությունում:

 

 

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՀՔԾ-Ի ԴԵՄ
Քաղաքացիները, որոնք նախկինում հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում եւ անհիմն կալանքի տակ են պահվել, ներկայումս դատի են տալիս քննիչներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքացի Արթուր Ադամյանը դիմել է Արաբկիր Եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական դատարան՝ պահանջելով, որ իրենից ներողություն խնդրեն անօրինական որպես մեղադրյալ ներգրավելու եւ հատուցեն կալանավորման հետեւանքով պատճառված վնասը: Այս գործով դատարանում պատասխանող է հանդես գալիս հատուկ քննչական ծառայության հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ Արտակ Թադեւոսյանը:

 




Լրահոս