ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՈՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւան Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը որեւէ դատավոր չի ցանկանում քննել:

Արդեն երրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնում, եւ հիմա գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին: Սակայն նա եւս ստիպված է լինելու ինքնաբացարկ հայտնել, քանի որ նա այդ քրեական գործով որպես վկա 2017 թվականի հուլիսի 6-ին ՀՔԾ քննիչի կողմից հարցաքննվել է:
Իսկ ինչո՞ւ են դատավորին հարցաքննել որպես վկա: Բանն այն է, որ տարիներ առաջ Մնացական Հարությունյանին է մակագրվել Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանի քրեական գործը, որն էլ վերոնշյալ դատավորներին գաղտնալսելու եւ նրանց նկատմամբ քրգործ հարուցելու առիթ դարձավ: ԱԱԾ-ն բացահայտել էր, որ երբ քրեական գործը մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին, Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը խոսել է նրա հետ: Ըստ ԱԱԾ-ի կողմից իրականացված գաղտնալսումների՝ Աղվան Պետրոսյանը դատավոր Մնացական Հարությունյանին խնդրել է հնարավորինս արագացնել Գոռ Գալաստյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը:
Եվ ահա դատավոր Մնացական Հարությունյանին, հրավիրելով հարցաքննության, ՀՔԾ քննիչները ներկայացրել են երեք գաղտնալսում եւ հարցեր ուղղել դատավորին:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով ավարտված նախաքննության գործի փաստական հանգամանքներից մեկը, թե ինչ բացատրություն է տվել ՀՔԾ քննիչներին վկայի կարգավիճակում գտնվող դատավոր Մնացական Հարությունյանը:
ՀՔԾ քննիչի՝ Գ. Բեգոյանի հարցը. Ձեզ եմ ներկայացնում ԱԱԾ-ից ստացված հեռախոսային խոսակցությունների ձայնագրումների որոշակի հատվածներ, որոնցից բխում է, որ Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը նույն դատարանի գրասենյակի ղեկավար Հրայր Մանուկյանի, ինչպես նաեւ Գոռ Գալստյանի ծնողներից կաշառքի գումարը Աղվան Պետրոսյանին փոխանցած Հայկ Կարապատեյանի հետ քննարկում է Գոռ Գալստյանի քրեական գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից մարզի դատարան գալու եւ այն Ձեզ մակագրելու հանգամանքները: Ներկայացված գաղտնալսումների ձայնագրություններից մեկի ժամանակ էլ Աղվան Պետրոսյանը զրուցում է Ձեզ հետ` խնդրելով հնարավորինս արագացնել Գոռ Գալստյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը: Ի՞նչ կասեք այդ հանգամանքների կապակցությամբ:
Դատավոր Մնացական Հարությունյանի պատասխանը. Լսեցի ինձ ներկայացված թվով երեք ձայնագրությունները, որոնց կապակցությամբ հայտնում եմ հետեյալը` ինչ վերաբերում է առաջին ձայնագրությանը, որտեղ քննիչի մատնանշմամբ խոսում են դատարանի նախագահը եւ Հայկ անունով անձնավորություն, կարող եմ հայտնել հետեւյալը` ինչքանով որ հիշում եմ՝ քրեական գործը վարույթ ընդունելուց հետո ստացել եմ ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն, եւ դատաքննություն նշանակելու մասին որոշմամբ որոշվել է միջնորդության քննարկումը իրականացնել դատական նիստով….
ՀՔԾ քննիչ Գ. Բեգոյանի հարցը. Դուք քրեական գործը ստացել եք 2016 թվականի օգոստոս ամսին, սակայն Ա. Պետրոսյանը Ձեզ պնդում է արագացնել քրեական գործի քննությունը սեպտեմբեր ամսին, արդյո՞ք դա ողջամիտ ժամկետ է մեկ ամսում ավարտել տվյալ քրեական գործը, եւ արդյո՞ք Աղվան Պետրոսյանի կողմից նման խնդրանքով Ձեզ դիմելու հանգամանքը Ձեզ մոտ որեւէ կասկած չհարուցեց նրա կողմից դրանում շահագրգռված լինելու մասով, մյուս բոլոր գործերով նա եւս Ձեզ նման խնդրանքով կամ պահանջով դիմել է, թե այս գործը բացառություն էր:
Պատասխան. Ձայնագրությունը լսելուց հետո եւ, ընդհանրապես, այդ եւ այլ գործերի ավարտի վերաբերյալ որեւէ կոնկրետ ժամկետի մասին, իմ հիշելով, չի հայտնվել: Հայտնեմ նաեւ՝ այնպիսի դեպք չի եղել, որ կոնկրետ գործի ավարտի մասով որեւէ քննարկում լինի, սակայն գործերի քննության ողջամտությունը ապահովելու համար, բացի այս դեպքից, շատ են եղել դեպքեր, որոնք կոնկրետ չեմ հիշում, որ դատարանի նախագահը, իրացնելով իր վերը նշված լիազորությունը, հայտնել է ողջամիտ ժամկետում գործի քննության ընթացակարգի վերաբերյալ դիրքորոշում: Կոնկրետ գործի քննությունը, ինչպես իմ կողմից նշվեց, տեւել է մոտավորապես 10 ամիս, եւ կարծում եմ, որ այդ ծավալի գործերի համար ժամկետը ողջամիտ է, ինչպես բխում է հայտնածիցս՝ այս գործը բացառություն չէր, հետեւաբար ինձ մոտ որեւէ կասկած որեւէ հանգամանքի մասին չի առաջացել:
Ահա հենց այս հարցաքննության հիմքով էլ Մնացական Հարությունյանը ինքնաբացարկ կհայտնի՝ հրաժարվելով քննել գործընկերների քրեական գործը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 10 նախկին աշխատակից դիմել է դատարան:
Բանն այն է, որ 2017 թվականի հունվարի 10-ին որոշվեց, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն իրենց ուսումը պետք է շարունակեն պաշտպանության նախարարության՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:
Այս միացումը, ըստ էության, տվել է իր ոչ ցանկալի արդյունքը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի 10 նախկին ուսուցիչներ դիմել են դատարան եւ պահանջում են, որ իրենց վերականգնեն աշխատանքում: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ 2017 թվականի հուլիսի 2-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել Քնարիկ Նազլուխյանը՝ պահանջելով, որ դատարանը միջամտության արդյունքում վերականգնի իր աշխատանքը ««Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում: Նույն պահանջով նաեւ դատարան են դիմել Կարինե Ավետիսյանը, Արեւիկ Քարամյանը, Արփինե Մարտիրոսյանը, Աստղիկ Աթոյանը, Էլիզա Պոդոսյանը, Իրինա Գալստյանը, Մարինե Սիմոնյանը, Սուսաննա Գասպարյանը, Նարա Դավթյանը:
Իսկ ինչ հանգամանքներում են դպորցի ուսուցիչները աշխատանքից ազատվել: Մեզ հայտնի դարձավ՝ երբ որոշում է կայացվել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն իրենց ուսումը պետք է շարունակեն պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, պաշտպանության նախարարությունը «Փոքր Մհեր» կրթահամալիրի ուսուցիչներին նախապես հայտնել է, որ նրանք պետք է քննություն հանձնեն, եթե բավարարեն չափանիշներին, ապա նոր կկարողանան շարունակել իրենց գործունեությունը եւ դասավանդել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:
Ահա այսպես՝ քննությունը տեղի է ունեցել, մի շարք ուսուցիչներ չեն կարողացել լավ արդյունք արձանագրել, ինչի հետեւանքով էլ ազատվել են աշխատանքից:
Ինչ կորոշի դատարանը, ժամանակը ցույց կտա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԵՂԵԼ ԵՆ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի գլխավորած պատվիրակությունը եղել է «Աբովյան», «Սեւան» եւ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում: Նրանք լսել են դատապարտյալներին, ծանոթացել բժշկական ծառայությունների մատուցման եւ տեղադրված սարքավորումների որակին, առկա խնդիրներին եւ իրականացված բարեփոխումներին:

 

 

ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԻ
Զապորոժցի խոշոր գործարար Բորիս Շեստոպալովը խոստացել է պարգեւատրում այն տեղեկատվության համար, որ կօգնի բացահայտել Ռուսաստանի Դաշնության Զապորոժիե շրջանի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի դեմ իրականացված մահափորձը: Աղբյուրի համաձայն՝ Սարգսյանի նկատմամբ իրականացված մահափորձը մեծ արձագանք է գտել շատ գործարարների շրջանում, որոնց հետ հայկական համայնքի ղեկավարը սերտ կապերի մեջ է: Նշենք, որ մահափորձի հետեւանքով վիրավորվել է Արտաշես Սարգսյանի թիկնապահը, որը իր մարմնով ծածկել է վերջինիս եւ ստացել հրազենային վիրավորում:

 

ԱՆՀՆԱՐ ԵՆ
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովի կարծիքով բավականին լավ ենք պատրաստված՝ սահմանը հսկելու համար: Նրա խոսքով՝ մեր վիճակը շատ ավելի լավ է, քան 1.5 տարի առաջ. «Այն ժամանակ ոչ թե վատ էր մարդկանց՝ սահմանը պահելու տրամադրվածությունը, այլ տեխնիկական միջոցները բավարար չէին, որպեսզի զսպեին հակառակորդին բավականին խորը հեռավորության վրա, գիշերային սարքերը շատ թերի էին, հին գիշերային սարքեր էին, հիմա ջերմադիտակներով հագեցված է լրիվ սահմանը: Կարճ ասած, ապրիլյան գործողություններն անհնար են, մերոնք լավ վիճակում են»,- նշել է նա:

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ
Հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: «Ալավերդի» ԲԿ են տեղափոխվել երկու տղամարդ՝ հետույքի արնահոսող եւ գոտկային շրջանի կտրած-ծակած եւ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող ու ազդրի կտրած վերքերով: Իրավապահները պարզել են, որ վիրավորները Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչներ են, հարազատ եղբայրներ՝ 35-ամյա Վահե եւ 28-ամյա Վաչե Բարսեղյանները: Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

 




Լրահոս