ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Որտեղ է բնակվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. Factor.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Factor.am-ը գրում է. Այս համեստ, ոչնչով աչքի չընկնող շենքը գտնվում է Բեռլինում՝ Kupfergraben փողոցի վրա: Այն, սակայն, սովորական շենք չէ: Հենց այստեղ է բնակվում Գերմանիայի նախկին եւ նորընտիր կանցլեր Անգելա Մերկելը:

Այս փաստը անգամ միջին օղակի չինովնիկների դղյակներին սովոր հայաստանցիների մեծ մասի համար հավանաբար անհավանական կթվա, սակայն աշխարհի գերտերություններից մեկի ղեկավարը հենց այս բազմաբնակարան շենքի չորրորդ հարկի բնակիչ է: Ընդ որում, նա այդ բնակարանի սեփականատերը չէ, ապրում է վարձակալությամբ: Մերկելն այստեղ էր բնակվում դեռ իր՝ կանցլերի պաշտոնը ստանձնելուց առաջ, եւ արդեն դառնալով Գերմանիայի թիվ մեկ պաշտոնյան՝ նա չցանկացավ փոխել իր բնակության վայրը: Նշենք, որ Կանցլերի նստավայրում կա հատուկ կեցավայր՝ երկու հարյուր քառակուսի մետր մակերեսով : Սակայն արդեն չորրորդ պաշտոնաշրջանը ստանձնած Մերկելը հրաժարվել է պետության կողմից հատկացվող այդ բնակարանից, եւ յուրաքանչյուր օր նրան կարելի է տեսնել առավոտյան այստեղից գործի գնալիս, ապա՝ վերադառնալիս: Այստեղ կանցլերի տեղաշարժերի ընթացքում փողոցը չեն փակում, մեկ տասնյակ ավտոմեքենաներից բաղկացած շարասյուները չեն ահաբեկում մարդկանց բարձրաձայն ազդանշաններով: Ամեն ինչ զուսպ է ու պրակտիկ. գերմանական ոճով:

Օրվա ընթացքում միակ բանը, որով հայտնի Պերգամոն թանգարանի դիմաց գտնվող այս փողոցը տարբերվում է՝ ահա այս ոստիկանական մեքենան է, որը կայանում է շենքի հարեւանությամբ: Երբեմն էլ՝ կարելի է տեսնել շենքի շքամուտքի առջեւ կանգնած մեկ կամ երկու ոստիկանի, սակայն հիմնականում նրանք շատ աննկատ են լինում:

Իսկ ահա երբ կանցլերը ելումուտ է անում՝ ոստիկանների թիվը ավելանում է. այնպես, ինչպես եղավ ընտրությունների օրը՝ սեպտեմբերի քսանչորսին, երբ տիկին կանցլերը ոտքով գնացել էր հարեւանությամբ գտնվող ընտրատեղամաս՝ քվեարկելու, եւ լրագրողներն ու զբոսաշրջիկները սպասում էին նրա վերադարձին:

Ցավոք՝ մեր այնտեղ եղած ընթացքում Անգելա Մերկելը չվերադարձավ, ինչպես հաղորդեցին տեղի լրագրողները՝ նա անմիջապես ուղեւորվեց աշխատավայր: Իսկ ահա նրա ամուսինը՝ պրոֆեսոր Յոահիմ Զաուերը, քվեարկությունից հետո վերադարձավ իրենց բնակարան: Ահա սա շենքի բնակիչների ազգանունների ցուցանակն է, որի վրա մենք տեսնում ենք նաեւ պրոֆեսորի անունը:

Թե կոնկրետ քանի քառակուսի մետր են զբաղեցնում Մերկելն ու նրա ամուսինը՝ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նրա հարեւաններին բավականին ձանձրացրել են հետաքրքրասեր զբոսաշրջիկները, որոնք անընդհատ լուսանկարում են իրենց պատուհանները: Ահա կադրում երեւացող շնիկով այս տղամարդը հենց նրանցից մեկն է: Դժվար է ասել, թե ինչ է նա խոսում ոստիկանի հետ, չի բացառվում՝ ճշտում է, թե երբ է գալու բարձրաստիճան հարեւանուհին, որ նրա ճանապարհին չհայտնվի:  Քանզի հայտնի փաստ է՝ Մերկելն անասելի վախենում է շներից:

Նկատենք, որ ըստ Forbes-ի՝ աշխարհի ամենաազդեցիկ կնոջ այս համեստ կեցավայրը միանգամայն նորմալ երեւույթ է համարվում Գերմանիայում, եւ կանցլերի գրասենյակը դրանից առանձնապես փի առ չի անում: Ավելին՝ Անգելա Մերկելը սովորություն ունի անձամբ գնումներ կատարել հարեւանությամբ գտնվող սուպերմարկետից. նրան պարբերաբար տեսնում են սննդամթերք ընտրելիս: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում վարչապետը կամ նախագահը ապրեր այսպիսի բազմաբնակարան շենքում, եւ այդ մասին ամեն առիթով չտարփողվեր լրատվամիջոցներում: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւս պաշտոնավարման ընթացքում բնակվում էր Ավանում գտնվող բազմաբնակարան շենքում, ինչը հաճախակի էր նշվում ՝ որպես վարչապետի համեստ կենսակերպի ապացույց եւ առանձնահատուկ արժանիք: Ինչեւէ. այն փողոցը, որտեղ բնակվում է Գերմանիայի կանցլերը, մեզ՝ հայերիս համար, մեկ այլ՝ շատ ավելի մեծ առանձնահատկություն ունի. անմիջապես Անգելա Մերկելի բնակարանին կից շենքի պատին փակցված է ահա այս ցուցանակը, որը փաստում է այն մասին, որ այստեղ՝ Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում է ուսանել Կոմիտաս վարդապետը:

Հայտնի չէ՝ արդյոք երբեմն ոտքով զբոսանքի ելնող ֆրաու կանցլերը նկատե՞լ է այս ցուցանակը, կամ արդյոք նա որեւէ բան գիտի հայկական երաժշտության եւ դրանում Կոմիտասի անչափելի դերակատարության մասին: Ամեն դեպքում՝ Բեռլինի այս հատվածում սա հայկական մշակութային ներկայության միակ նմուշը չէ. կանցլերի բնակարանի ուղիղ դիմացը գտնվող Պերգամոն թանգարանում, ի թիվս համաշխարհային մշակութային գանձերի, ցուցադրված են նաեւ հայկական մատենագրության անգնահատելի գոհարներ:




Լրահոս