ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 11-ին ընդունեց «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչներին՝ միջազգային բիզնես ծրագրերի ղեկավար Դանիիլ Ալգուլյանի գլխավորությամբ։
Ներկայացնելով բանկի գործունեության շրջանակներն ու համագործակցությունը տարբեր երկրների տրանսպորտային ոլորտների ծրագրերում՝ բանկի ներկայացուցիչները հույս հայտնեցին համագործակցության եզրեր գտնել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերում:
Նախարար Վահան Մատիրորոսյանը ներկայացրեց համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, միասնական երթուղային ցանց ստեղծելու, մուլտիմոդալ բեռնափոխադրումների, ինչպես նաև տարածաշրջանային «Դատա կենտրոն» հիմնելու ծրագրերը։
Բանկի ներկայացուցիչներն իրենց հետաքրքրությունը արտահայտեցին ներկայացված ծրագրերի առնչությամբ և պատրաստակամություն հայտնեցին ակտիվ մասնակցություն ունենալ այդ ծրագրերում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ծրագրերի հանգամանալի ուսումնասիրությունից հետո քննարկել նաև փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն