«Ընդհանուր առմամբ գոհ եմ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի ըմբիշների մրցելույթներից: Հիանալի է, որ մեծ թվով ազատ ոճայիններ իրենց դրսեւորելու հնարավորություն ունեցան»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփելով մրցաշարի արդյունքներն ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:
«Այս մրցաշարն ինձ համար լավ առիթ էր՝ նորից տեսնելու մեր ըմբիշների գոտեմարտերը, հասկանալու նրանց հնարավորությունները: Բոլորին ուսումնասիրեցի: Խոստումնալից ըմբիշներ ունենք, որոնք կհրավիրվեն հավաքական:
61 կգ քաշային կարգում հաղթող դարձած Ղազար Համբարձումյանը լավ գոտեմարտեր անցկացրեց, 57 կգ քաշային կարգում բոլոր մրցանակակիրները մեր տղաներն էին:
Վալոդյա Ֆրանգուլյանն այս մրցաշարում կրկին գոտեմարտեց 65 կգ քաշային կարգում: Ըմբշամարտի նոր կանոնները հաշվի առնելով՝ ավելի նպատակահարմար է, որ Ֆրանգուլյանն այսուհետ հանդես գա այդ քաշում»- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Մարզիչը տեղեկացրեց՝ տարվա վերջին կկայանա Հայաստանի առաջնությունը, որի արդյունքում կձեւավորվի ազգային հավաքականը: Հունվարից Հաբեթնակ Կուրղինյանի թիմը կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: