ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հերթական անգամ ապացուցեց, որ ընկերների միջև համաձայնություն չկա. Ուկրաինայի և Կիրգիզիայի նախագահներն անտեսեցին հանդիպումը, Նազարբաևն իր մտքերի մեջ էր, իսկ Լուկաշենկոն քննադատեց միությանը դանդաղկոտության համար, գրում է MK.ru-ն:
Վլադիմիր Պուտինը հյուրերին ընդունեց հյուրանոցներից մեկի նախասրահում և ձեռքսեղմումներից հետո ուղեկցեց հարևան սենյակ: Բոլորին ուղեկցեց նույն սենյակ, բացառությամբ Նուրսուլթան Նազարբաևի, ում հետ որոշեց մի քանի րոպե փսփսալ այլ սենյակում: Սակայն տետ-ա-տետ հանդիպումը կարճ տևեց. նրանք դեռ երկար ժամանակով հանդիպելու հնարավորություն կունենան:
Չնայած երկրների ղեկավարները հանդիպել էին Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվանից հետո, սակայն վերջինիս համար նվերներ չէին բերել: Իսկ եթե բերել էր, ապա նախընտրել էին չհանրայնացնել: Միայն Թուրքմենստանի նախագահը որոշեց բոլորի ներկայությամբ Պուտինին շուն նվիրել:
Ողջույններից հետո դրոշների հարևանությամբ լուսանկարվելու համար հավաքվեցին ԱՊՀ 9 երկրների ղեկավարներ: Պորոշենկոն ոչ միայն չէր եկել, այլևս ձևականությունների հետևից չէր ընկել և Ուկրաինան ոչ ոք չէր ներկայացնում:
Լրագրողներն ուշադրություն էին դարձրել այն հանգամանքի վրա, որ Բելառուսի ղեկավարը նիստին եկել էր ձեռքերը պիջակի տակ դրած, կարծես թե, մտածելով՝ այն մեկնի Վլադիմիր Պուտինին, թե ոչ: Մամուլը գրում է, թե երկու գործընկերների միջով կրկին սև կատու է անցել:
Ինչ վերաբերում է նիստին, ապա այն ոչ միանշանակ է ընդունվում: Մի կողմից, հետխորհրդային երկրների ղեկավարների երկխոսությունը հասկանալի է, սակայն մյուս կողմից անհասկանալի է, թե ինչի մասին են պայմանավորվել, եթե գործնական արդյունքներ չկան: Եվ այս անգամ ևս խորհրդի նիստում ընդունված 8 փաստաթղթերից դժվարությամբ կարող եք առանձնացնել մեկ կարևոր:
«Սրանք մեր մակարդակի չեն՝ ինչ-որ հայտարարություններ և այլն: Հավաքվում ենք, ցույց տալիս, թե իբր մեզ մոտ ամեն ինչ կարգին է, իսկ իրականում արդյունավետությունը շատ փոքր է», – պոռթկաց Լուկաշենկոն:
Սակայն նրան ոչ ոք չէր լսում: Եթե իրատեսական նայենք, ապա խորհրդի նիստից մնաց միայն երկու որոշում. հաջորդ հանդիպումն անցկացնել Դուշանբեում և 2019 թվականը համարել Գրքի տարի: