Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանին վարկ տրամադրելու մասին համաձայնագրի նախագծով՝ Ռուսաստանը 100 մլն ամերիկյան դոլարի նոր վարկ է տրամադրելու Հայաստանին՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման համար: ՀՀ կառավարությունը նախագծին հավանություն է տվել հոկտեմբերի 12-ի նիստի ընթացքում:
Նշենք, որ վարկը տրամադրվելու է տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով եւ 20 տարի ժամկետով:
Համաձայնագրի դրույթների հիման վրա Հայաստանի պաշտպանության նախարարության եւ «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջեւ կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալ ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման եւ տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների եւ այլ հարցերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դեռևս 2017-ի հուլիսին ՀՀ ֆինանսների նախարարը հայտնել էր, որ «ռազմական» նոր վարկի ձեռքբերման շուրջ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է, որոնք սկսվել են այս տարի։
Հայաստանը Ռուսաստանի հետ համանման համաձայնագիր կնքել է նաև 2015թ. հունիսի 26-ին, որն այժմ գործում է: Այդ համաձայանագրով՝ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերում 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա: