Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետեւանքներից: 2008 թվականից ՀՀ առողջապահության նախարարության եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվեց «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
ՀՀ-ում ծխախոտի դեմ պայքարի գործողությունների նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաեւ սոցիալական, բնապահպանական եւ տնտեսական բացասական կործանարար հետեւանքներից: Պայքարի հիմնական գործիքներն են՝ գովազդի, հովանավորչության եւ վաճառքի խթանման ամբողջական արգելք, հասարակական վայրերում ծխախոտի սահմանափակում:
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդացության եւ մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական եւ տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետեւանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:
Համաձայն այս տարվա վերջին վիճակագրական տվյալների՝ ՀՀ 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է: Կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը հասել է 5 տոկոսի: Դեռահասների շրջանում հարաբերական ավելի լավ է, քան հարեւան երկրներում. ծխախոտի օգտագործման ցուցանիշը դեռահասների շրջանում Հայաստանում կազմում է 6 տոկոս:
Հարկ է նշել, որ վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում: Կանանց շրջանում ծխախոտի տարածվածությունն առավել մեծ է մայրաքաղաքում, քան մարզերում կամ գյուղական համայնքներում: Դեռահասները սկսում են ծխել 16-17 տարեկանում, երբ դուրս են գալիս ծնողների հսկողությունից եւ առավել ինքնուրույն կյանք վարում։
ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի Կոնվենցիայով մշակվել եւ օգոստոսի 3-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը», որի թիրախը առաջիկա 3-4 տարում ծխող տղամարդկանց թիվը շուրջ 10 տոկոսով կրճատելն է։ Այժմ ձեւավորվում է ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։ Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում օրենսդրական դաշտը կատարելագործելու ուղղությամբ։
Ներկայումս մշակման ամփոփման փուլում է ծխելու դեմ պայքարի ուղղությամբ իրավական ակտերի համապարփակ նախագիծը, որը մոտ օրերս կներկայացվի հանրային կարծիքի: