Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մայմո Հենրիկսոնը։
Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցություններ և բարձրաստիճան այցեր պարբերաբար անցկացնելու կարևորությունը:
Երկու երկրների պատվիրակություններն անդրադարձան նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերին, մտքեր փոխանակեցին ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու վերաբերյալ։
Նույն օրը Ֆինլանդիայի պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ս.թ. նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովին առնչվող հարցերին։
Ֆիննական կողմի խնդրանքով փոխնախարար Նազարյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: