Դեսպան Թումանյանի հանդիպումն Իրանի փոխնախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն ԻԻՀ փոխնախագահ և մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակույթի և զբոսաշրջության բնագավառներում Հայաստան-Իրան հարաբերությունները, ընթացիկ ծրագրերը և առաջիկա տարիների զարգացման հեռանկարները:

Դեսպան Թումանյանը նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում զգալիորեն աճել է Իրանից Հայաստան մեկնող զբոսաշրջիկների թիվը: Դեսպանն անդրադարձավ ոլորտի առաջիկա ծրագրերին՝ առաջարկելով ակտիվացնել երկու կողմերի զբոսաշրջային կառույցների համագործակցությունը և ավելի մեծ ուշադրություն դարձնել ենթակառույցների գործունեության բարելավմանը ու ցանցային գործունեության ընդլայնմանը:

Կողմերն ընդգծեցին պատմական և մշակութային հուշարձանների պահպանության և այդ գործում երկու երկրների մասնագետների առավել ակտիվ ներգրավման և միջազգային համապատասխան կառույցների հետ սերտ աշխատանքի կազմակերպման կարևորությունը:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ՀՀ մշակույթի և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարությունների հովանավորությամբ կազմակերպված «Հայաստան և Իրան. հողի հիշողությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի պատմության ու Իրանի ազգային թանգարանների միջև համագործակցության և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության կողմից կատարված նախապատրաստական մեծ ծավալի աշխատանքների կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց նաև հայ-իրանական մշակութային հարաբերությունների, ինչպես նաև համապատասխան պետական մարմինների և մասնագիտական կառույցների համակարգված աշխատանքի կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ:




Լրահոս