Հոկտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյին, ով Հայաստան է ժամանել «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է աղետների կանխարգելման և դրանց ռիսկերի նվազեցման գործում միջազգային համագործակցությունը ու ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացներում, ինչի վկայությունն է Հայաստանում այդ բնագավառին վերաբերող բազմակողմ միջոցառումների պարբերական անցկացումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլա Ալբրիտոն բարձր գնահատեց Հայաստանի փորձն աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության մշակման գործընթացում՝ ընդգծելով, որ Հայաստանն այս բնագավառում տարածաշրջանի առաջատարներից է:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող միջազգային և տարածաշրջանային համագործակցությանը։