Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդին են ներկայացվել առողջապահության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների լրամշակված ծրագրերը: Անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները զեկուցել են, որ Խորհրդի նախորդ նիստում վարչապետի կողմից տրված հանձնարարականի հիման վրա՝ ծրագրերը լրացուցիչ մանրամասն քննարկվել են շահագրգիռ կողմերի հետ, հաշվի են առնվել ներկայացված առաջարկությունները:
Նշվել է, որ ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում՝ առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրով նախատեսվում է 20 կոռուպցիոն խնդրի, իսկ պետական եկամուտների հավաքագրման ոլորտի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով՝ 19 կոռուպցիոն խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում: Օրակարգի հարցերի շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկություններ:
Քննարկումների արդյունքում որոշվել է ընդհանուր առմամբ հավանության արժանացնել նշված ոլորտներում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները: