Հայաստանի քաղաքական դաշտում ամայի վիճակ է. ուր են կորել արտախորհրդարանական ուժերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտում ամայի վիճակ է: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ձախողված ուժերը կարծես թե դեռեւս չեն կարողանում հաղթահարել պարտությունն ու ակտիվություն ցուցաբերել:
Չնայած աշունը մշտապես ասոցացվում է քաղաքական դաշտում ակտիվացումների հետ, սակայն դեռեւս հայտնի է միայն, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը համագումար կանցկացնի: Մյուսները լուռ են:

Ընտրություններում ձախողված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից ամենաակտիվը «Ժառանգություն» կուսկացությունն է, որի առանձին գործիչներ պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցների էջերին: Սակայն «Համախմբում» կուսակցության անդամները, ինչպես նաեւ Սեյրան Օհանյանը շարունակում են մնալ ստվերում:

Պասիվ են նաեւ նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները: Թերեւս ընտրություններում այդքան քիչ ձայն հավաքելը նրանց համար իսկական շոկ էր, որից չեն կարողանում դուրս գալ:
Երմենի արմատական ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ը եւս պասիվ է. նրանք էլ հետընտրական դեպրեսիան հաղթահարելու փուլում են եւ դեռեւս որոշում են իրենց հետագա անելիքները:

Մշտապես կարեւորվել է արտախորհրդարանական ուժերի դերը, որոնք պետք է խորհրդարանում ներկայացված ուժերին զուգահեռ կարողանան գործունեություն ծավալել դրսում: Սակայն ՀՀ քաղաքական դաշտում նման բան տեղի չի ունենում եւ արտախորհրդարանական ակտիվ քաղաքական ուժ որպես այդպիսին չկա: Իհարկե, առանձին նախաձեռնություններ լինում են, սակայն ընդդիմությունը մեծ հաշվով փոշիացել է:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրություններից հետո խորհրդարան անցավ չորս ուժ՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» ու «Ելք» դաշինքները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս