ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի եւ տարածաշրջանի մի քանի գյուղերի բնակիչներ հայտնվել են անելանելի դրության մեջ: Պատճառը ամիսներ առաջ սկսած եւ շարունակվող գարշահոտությունն է: Ինչը սկսել է խիստ անհանգստացնել տեղի գյուղացիներին:
Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց. «Գյուղի բնակիչների հետ միասին ես էլ եմ դժգոհում, որովհետեւ մաշկիս վրա զգացել եմ էդ գարշահոտությունը: Մեր եւ հարեւան բնակավայրերում օրեր շարունակ վաղ առավոտյան եւ երեկոյան ժամերին քնել, նստել, շնչել չի ստացվում»:
Իսկ ահա Նորաբացի գյուղապետ Գալուստ Գալստյանը տեղեկացրեց, որ ինքն այս թեմայի շուրջ գյուղի բնակիչների անունից նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն: «Մենք խնդրել ենք, որպեսզի իրենք այս հարցը լուծեն, որովհետեւ լինում են պահեր, որ անգամ չենք կարողանում շնչել: Գարշահոտություն է: Տպավորություն է, որ բաց կոյուղու առջեւ կանգնած ենք:
Սեփական տան մեջ նստած էլ այդ զգացողություններն ունենք: Այդ գարշահոտությունը զգացվում է նաեւ Նորաբացում, Այնթափում, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում` Չարբախում. քամու ուղղությունից է կախված»,- ներկայացրեց Նորաբացի գյուղապետը: Գյուղի բնակիչների պատմելով՝ իրենց զգալի մասը երբեմն տրտնջում է, որ գարշահոտությունից գլխապտույտներ, սրտխառնոց ու գլխացավեր են ունենում: «Փոքր հասակի երեխաների եւ թույլ դիմադրողականություն ունեցող մարդկանց մոտ հնարավոր է՝ գլխապտույտ, գլխացավ լինի: Բայց կոնկրետ իմ ընտանիքի անդամների մոտ նման ախտանիշներ արձանագրված չկան: Իսկ գյուղի բնակիչները խոսում են այդ մասին: Չնայած որ որեւէ մեկը չի դիմել գյուղի ամբուլատորիա»,- նկատեց գյուղապետ Գալստյանը:
ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենք միասին աշխատում են տեսչական մարմնի հետ որպեսզի պարզեն, թե իրականում ինչից է գարշահոտությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացնում` Մասիսում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառները պարզելու համար:
Մասնավորապես տարածքի տարբեր վայրերից կատարվել են հեղուկի եւ օդային ավազանի նմուշների լաբորատոր փորձաքննություններ: «Ժողովուրդ»-ին բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից հայտնեցին, որ վարույթի շրջանակներում փորձում են պարզել, թե տվյալ տարածքում գործող որ ձեռնարկությունների արտադրական արգասիքներում է գերազանցում քիմիական թունավոր նյութերի թույլատրելի չափաքանակը, որը թափվում է կոյուղաջրերի հեռացման համակարգ եւ դառնում մթնոլորտի աղտոտվածության պատճառ:
Բայց գարշահոտությունը զգացող գյուղերի բնակիչների պատմելով՝ այն գալիս է հարակից տարածքներում գործող քիմիական գործարաններից, հատկապես «Նաիրիտ»-ից: Ավելին՝ մարդիկ այդ գարշահոտությունը զգացել են օգոստոսի վերջին նշված գործարանում տեղի ունեցած հրդեհից հետո: Գյուղացիները կասկածում են, որ այդ գարշահոտությունը հիմնականում կապված է «Նաիրիտ» գործարանից հոսող ջրերի ու օդի հետ: Սակայն բնակիչների այս կասկածների հետ կապված արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ փորձաքննություն անցած հեղուկի մեջ հայտնաբերված միացությունների բաղադրությունը բացառում է այն պնդումը, որ դրանում առկա են «Նաիրիտ» գործարանում առաջացած հրդեհի արգասիքներ:
ԱԻՆ մամուլի պատասխանատու Նանա Գնդոյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցների կողմից տեխնիկական կոյուղուց վերցված հեղուկի եւ օդային ավազանից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հեղուկում եւ մթնոլորտային օդում առկա մի շարք նյութեր զգալիորեն գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունները։
Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ այս հարցով ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի անդամները այսօր աշխատանքային այցով լինելու են Մասիս քաղաքի տարածաշրջանում եւ հետազոտություններ են անցկացնելու, որպեսզի պարզեն` գարշահոտությունը արդյո՞ք գործարանների հետ կապ ունի, թե՞ ոչ: Մինչ հանձնաժողովը կփորձի պարզել, թե իրականում որտեղից է այդ գարշահոտությունը սկիզբ առնում, մարդիկ շարունակում են «թունավորվել»:
Սյունէ Համբարձումյան