Մարզպետները կաշխատեն նոր օրենքով. ինչ փոփոխություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքների խոշորացումից հետո իշխանական շրջանակներում քննարկում են նաեւ մարզերի խոշորացման հարցը: Չնայած մոտ ժամանակներս այն չի իրագործվի, սակայն նեղ շրջանակներում տարբեր սցենարներ են քննարկվում: Այն, որ կառուցվածքային փոփոխություններ կլինեն, ակնհայտ է, սակայն դեռեւս հստակ չէ, թե արդյունքում ինչ կստացվի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասնեց, որ 2018 թվականի ապրիլից մարզպետներն աշխատելու են նոր օրենքով եւ մշակվող հայեցակարգի սկզբունքներով:

-Պարո՛ն Լոքյան, մարզպետների հետ կապված ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում:

-Մարզպետներն այսօր աշխատում են ՀՀ նախագահի հրամանագրով: Բնականաբար, այդ հրամանագիրը որոշ ժամանակ հետո չի գործելու: Դրա համար մենք ունենալու ենք հայեցակարգ, որից հետո՝ օրենք, որով հաջորդ տարի՝ տարվա կեսից, մարզպետները պետք է աշխատեն օրենքով եւ այդ հայեցակարգի ընդհանուր սկզբունքներով:

-Ի՞նչ հայեցակարգի մասին է խոսքը:
-Հայեցակարգը տալու է, թե մենք ինչ ֆունկցիաներ ենք ավելացնում մարզպետների վրա, ինչն ենք պակասեցնելու, ինչ ենք տանելու համայնքներ, ինչ լրացուցիչ պարտականություններ ենք դնում օրենքով մարզպետարանների վրա:

-Մարզերի միավորում կամ մարզպետների թվի փոփոխություն լինելո՞ւ է:
-Ո՛չ, առաջին փուլում այդպիսի տրամաբանություն չենք դրել: Այդ հայեցակարգում փոքրացում կամ մարզպետների թվի կրճատում չկա:

-Միայն առաջին փուլո՞ւմ: Այսինքն՝ հետագայում հնարավո՞ր է:
-Գուցե 10 տարի հետո հնարավոր է: Վերջին հաշվով այդ հայեցակարգը 1-2 օրից արդեն կառավարություն կգնա, բոլորիդ պարզ կդառնա: Ես խաբելու ցանկություն չունեմ:

-Եթե ճիշտ ձեւակերպենք, ստացվում է, որ մշակվելու է մարզպետների աշխատանքի նոր հայեցակա՞րգ:
-Այո՛, շատ լուրջ պարտավորություններ ենք դնելու մարզպետների վրա: Տնտեսության հետ կապված են դրանք լինելու, աշխատատեղերի, ՀՆԱ-ի հետ կապված հարցեր:

-Այսինքն՝ մարզպետների գնահատման չափորոշիչնե՞րն են գործելու:
-Այո՛, որոշ ֆունկցիաներ մարզպետներից վերցնելու ենք, փոխանցվելու է խոշորացված համայնքներ:

-Իսկ մարզպետների հետ քննարկումներ անցկացրե՞լ եք:
-Դեռեւս ոչ: Դեռ նախնական փուլում է: Հարցը պետք է ներկայացվի կառավարությանը, այնուհետեւ հաստատվի խորհրդարանի կողմից: Մենք հունվարից հետո օրենքն Ազգային ժողով ենք տանելու, որպեսզի մինչեւ ապրիլ ունենանք օրենք:

Ինչպես հայտնի է՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մարզպետների գնահատման չափորոշիչներ է մշակել, որով գնահատվելու են մարզերի ղեկավարները: Վստահ ենք՝ մարզպետները պետք է ավելի կոնկրետ ու թվային պատկերով գնահատվեն: Նոր չափորոշիչներն ավելի քիչ են, փոխարենը՝ ավելի կոնկրետ պահանջներով: Մարզպետի լավ կամ վատ աշխատանքներն այսուհետ ուղիղ կապված է լինելու իր ղեկավարած համայնքների ՀՆԱ-ի, աշխատատեղերի, աղքատության, ավելի քան 11 ցուցանիշի հետ:

Դրանք են՝
1. տարածքային ՀՆԱ,
2. մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալը,
3. մարզում աշխատատեղերի թիվը,
4. համայնքային բյուջեների սեփական եկամուտները,
5. համայնք-մասնավոր հատված համագործակցությունը,
6.աղբահանություն եւ սանիտարական մաքրում,
7. մարզում ֆերմերային տնտեսություններ,
8. մարզի գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրում,
9. աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ,
10. դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, միջազգային /հանրապետական օլիմպիադաների մրցանակակիրներ, ուսումը միջազգային կամ ՀՀ ռեյտինգային ԲՈՒՀ-երում շարունակողներ/,
11.առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս