Երեկ երեկոյան մի խումբ մարդիկ այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը։ Հոկտեմբերի 13-ին, ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ: Պարզվել է, որ այրվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող «Պանտերա» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը՝ ամբողջությամբ (մոտ 28 քմ), գույքով:
Հավելենք. որ դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո: Բանն այն է, որ երեկ այդ տարածքում քննարկումներ են եղել, թե ինչպես պետք է աշխատել:
Սակայն այդ ամենից հետո երեկոյան 8 անց 40-ի սահմաններում, նախնական տեղեկություններով, մոտ 40 հոգի «Վիլիսներով» եկել, շրջապատել է Շամախյանի հենակետը, պահնորդներից երկուսին դուրս հանել հենակետից և այրել այն։
Այդ տեսանյութը դեպքի վայրից հրապարակել է ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը: Նա նշել է, թե տեղացիները 30 տարի է՝ անտառից փայտ են դուրս հանում և հիմա չեն համակերպվում նրա հետ, որ այլևս չեն կարողանալու փայտագողությամբ զբաղվել։
Բնապահպանության նախարարությունից այս առնչությամբ հայտնում են, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հոկտեմբերի 13-ին ՀՀ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում աշխատանքային քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի գրասենյակում, շրջայց կատարել «Հաղարծին», «Դիլիջան» տեղամասերում, տեղեկացնում է Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Երեկոյան 21։00-ի սահմաններում աշխատանքային այցից վերադառնալու ճանապարհին, նախարար Արծվիկ Մինասյանին տեղեկացրել են, որ այրվում է «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցներին պատկանող «Շամախյան» տեղամասի տնակը։
ՀՀ բնապահպանության նախարարը, գերատեսչության իրեն ուղեկցող պատասխանատուները և «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը թեքվել են ճանապարհից և ժամանել դեպքի վայր:
Դեպքի վայր են ժամանալ նաև ՀՀ ԱԻՆ մազային ստորաբաժանման հրշեջ-փրկարարները, ում հաջողվել է արագ մեկուսացնել և հանգցնել կրակը։ Հրդեհից տուժածներ չկան: Փաստի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները: