Ոստիկանության չարաշահումների հետքերով. ովքեր են մեղադրյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա մայիսին անդրադարձել էր ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում գրանցված ֆինանսական չարաշահումների գործին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նյութեր են նախապատրաստվել Արարատի մարզային վարչությունում հայտնաբերված ֆինանսական խախտումների` գումարների ավելցուկի եւ պակասորդի առիթով:

Մասնավորապես 2014-2017թթ.-ի վերոնշյալ վարչության ստորաբաժանումների աշխատակիցներից շատերը ավել գումարներ են ստացել, իսկ մի շարք աշխատակիցների աշխատավարձերից առանց հիմքերի պահումներ են կատարվել: Այսինքն՝ 3 տարվա ընթացքում ոստիկանության 184 աշխատակից շուրջ 30 միլիոն դրամից ավել գումար է ստացել, իսկ 46 աշխատակցի ավելի քան 3,5 մլն-ի չափով պակաս գումարներ են վճարվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այս նյութերի հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելը կամ վատնելը հատկանիշներով: Այս յուրացումների գործից անցել է 5 ամիս եւ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՔԾ-ն այս գործով ոստիկանության վերոնշյալ ստորաբաժանման մի շարք աշխատակիցների մեղադրանք է առաջադրել:

Փորձեցինք տեղեկությունը պարզել ՀՔԾ լրատվական բաժնից, որտեղից ի պատասխան մեզ՝ հայտնեցին, թե գործով նախաքննությունը ավարտական փուլում է, եւ կան մեղադրյալներ: Իսկ թե ովքեր են նրանք, ՀՔԾ-ից չմանրամասնեցին:




Լրահոս