Քանիցս առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ Հայաստանում շատ բաներ արտադրելու փոխարեն դրանք ներկրվում են արտերկրից: Մինչդեռ ունենք գործարաններ, ռեսուրսներ եւ հանգիստ կարող ենք շատ մթերքների ու իրերի մասով 100 տոկոս ինքնաբավություն ապահովել:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց՝ 2016 թվականի ընթացքում Հայաստանում հետեւյալ մթերքները արտադրվել են այն քանակությամբ, որ ինքնաբավության աստիճանը գերազանցել են 100 տոկոսը: Այսինքն՝ այդ մթերքներից ընդհանրապես կարիք չունենք ներկրելու:
Ստորեւ ներկայացնում ենք այն մթերքները, որոնք ոչ միայն ինքնաբավության չափին են համապատասխանել, այլ արտադրվել են պահանջարկից ավելի շատ:
Կարտոֆիլ, որը արտադրվել է մեր երկրի բնակչության սպառման համար նախատեսված ծավալից 1.3 տոկոս ավել:
Ծաղկակաղամբի դեպքում ավել 8 տոկոս ենք ունեցել: Վարունգի դեպքում ավելցուկի տոկոսը կազմել է 1.6: Լոլիկի ինքնաբավության աստիճանը գերազանցել է 15.5 տոկոս, իսկ սմբուկինը՝ 4 տոկոս: Տաքդեղը 8 տոկոս է ավել արտադրվել:
Իսկ ինչ վերաբերում է մրգերին, ապա ինքնաբավության չափից ավելի արտադրվել է խնձորը՝ 1.8 տոկոս, տանձը՝ 16.8 տոկոս, ծիրանը՝ 9, դեղձը՝ 14.9, կեռասը՝ 8.6, սալորը՝ 4.9, բալը՝ 12.9, թուզը՝ 6, խաղողը՝ 19.3 տոկոս: Հատապտուղներից՝ 30.5 տոկոս:
Պարզվում է՝ ոչխարի եւ այծի մսի ավելցուկ էլ ունենք՝ 33.8 տոկոս: Իսկ ջրային կենդանիներից ձկնեղենը 8.6 տոկոս ավել է արտադրվել: Ու եթե Հայաստանի կառավարությունն իսկապես մտադիր է անել այն, ինչի մասին խոսում է. այն է՝ նպաստել մեր երկրից արտահանման ծավալների մեծացմանը, ապա պարտավոր է օր առաջ կազմակերպել «ավելացած» մթերքների արտահանումը դեպի այդքան սիրելի եվրասիական շուկա: Իսկ կկարողանա՞ արդյոք կազմակերպել: Ժամանակը ցույց կտա: Համենայնդեպս, կհետեւենք:
Ն. Պողոսյան