Ազգովի խնդրանքի հերթը հասնում է Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում որքան էլ քաղաքական ու պետական համակարգը նվազեցնի մարդկային գործոնը, ու իրադարձությունների զարգացման ընթացքը կապեն ինստիտուտների հետ, առանձին պաշտոնյաների դերակատարությունը շարունակում է զգալի մնալ: Դա առաջին հերթին վերաբերում է նախագահներին, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեպքում պարզապես ակներեւ է: Նրա ընտրությունից ի վեր ամերիկյան քաղաքական ու վերլուծական շրջանակները խոսում են նրա պաշտոնանկության մասին, իսկ ներկայումս այդ թեման շահարկվում է առավել եւս՝ կապված նախագահի ներքին ու արտաքին հակասական քաղաքականության հետ:

Թեեւ նախագահի պաշտոնը եւ օրենսդիր ու գործադիր իշխանությունների տարաբաժանումը Միացյալ Նահագներում էականորեն նվազեցնում է մարդկային գործոնն ու թույլ տալիս համակարգին վճռորոշ դեր պետակառավարման ասպարեզում, նախագահների դերակատարության նշանակությունը անհնար է թերագնահատել: Եթե նախագահի պաշտոնին բազմում են խելացի ու հստակ քաղաքական առաջնահերթություններ ունեցող անձինք, գործադիրի հաջողությունները առարկայականորեն են դրսեւորվում, իսկ պետական-կառավարման համակարգն էլ աշխատում է ժամացույցի պես:

Սակայն եթե նախագահը չունի հստակ քաղաքականություն, ամեն օր ստիպված է զբաղվել առօրեական սկանդալներով, թշնամիներ որոնելով ու մեղավորությունը ինչ-որ մեկի վրա բարդելու փնտրտուքներով, համակարգի զարգացումն անխուսափելիորեն լճանալու է: Այսօր նման մի իրավիճակ է ստեղծվել ԱՄՆ-ում, երբ նախագահը ռազմավարական գործունեությունը փոխարինել է ամենօրյա եւ քաղաքականության մեջ կենցաղային բնույթի խնդիրներին լուծում տալու մարտավարությամբ: Այստեղ առանձնանում է նաեւ նախագահի քաղաքական առաջնահերթությունների հարցը՝ հանդիպելով լրագրողների, քաղաքական գործիչների ու մեկնաբանների հսկայածավալ քննադատությանը:

Վերջինիս համաձայն՝ Թրամփը ԱՄՆ-ն նետել է մի անտանելի քաոսի մեջ՝ երկիրը թիրախ դարձնելով միջուկային զենքին տիրապետող պետությունների, առաջին հերթին՝ Հս. Կորեայի համար: Թրամփի նախկին ընկերներից Թոնի Շվարցը, որը այսօր դարձել է նրա ամենախիստ քննադատներից մեկը, հռետորական դիպուկ հարց է հնչեցրել՝ արդյո՞ք Թրամփը ավելի շուտ կպայթեցնի բոլորին, թե՞ իր նախագահությունը: Նախագահի քննադատները կոչ են անում ամերիկյան օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին՝ շուտափույթ պաշտոնանկ անելու նրան:

ԱՄՆ-ում, ինչպես աշխարհի գրեթե բոլոր ժողովրդավարություններում, նախագահին կարելի է պաշտոնանկ անել իմպիչմենտի՝ խորհրդարանում մեծամասնության կողմից անվստահություն հայտնելու միջոցով: ԱՄՆ-ում իմպիչմենտի մի քանի նախադեպեր եղել են, սակայն գործը վերջնակետին չի հասել, քանի որ կա՛մ նախագահն է հրաժարական տվել կամավոր կերպով, կա՛մ էլ ԱՄՆ օրենսդիր մարմնի երկու պալատներից մեկը այդ հարցում շահագրգռված չի եղել:

Թրամփի դեպքում խնդիրը նույնիսկ ավելի բարդ է, որովհետեւ քիչ սպասելի է, որ առանց լուրջ պատճառի, Կոնգրեսի երկու պալատների մեծամասնությունն ունեցող Հանրապետական կուսակցությունը զոհաբերի իր նախագահին: Այս կապակցությամբ հետաքրքիր է շրջանառության մեջ դրված մի նոր վարկած, որը, քննելով ԱՄՆ սահմանադրության 25-րդ վերափոխումը, առաջարկում է Թրամփին պաշտոնանկ անել մի յուրօրինակ ձեւով, որը երբեւէ չի փորձարկվել:

ԱՄՆ սահմանադրության 25-րդ վերափոխումը նախատեսում է իշխանության փոխանցումը, եթե նախագահը անկարող է կատարել իր սահմանադրական լիազորությունները: Ըստ հոդվածի կետերից մեկի՝ նախագահի վարչակազմի մեծամասնությունը կարող է պաշտոնանկ անել նրան եւ փոխարենը իշխանությունը հանձնել փոխնախագահին: Սահմանադրական այդ հոդվածը շեշտում է, որ նախագահին կաբինետի 14 ներկայացուցիչների համաձայնությամբ պաշտոնանկ անելու համար պետք է որպես հիմնավորում բերվի ոչ թե անձնական նախատրամադրվածությունը, այլ առաջին հերթին փաստական տվյալները, թե արդյոք նա ֆիզիկապես կամ մտավորապես ի վիճակի է սթափ որոշումներ կայացնել:

Այդ ողջ գործընթացում առանցքային է փոխնախագահի դերը: Տվյալ դեպքում Թրամփի փոխնախագահ Մայք Փենսը ավելի ընդունելի կերպար է վարչակազմի անդամների ու ամերիկյան պետական դերակատարների համար: Պատահական չէ, որ հենց նա է հաճախ հարթում նախագահի ու մյուսների հակասությունները, հանդես գալիս որպես միջնորդ, որի հետ շատ ավելի դյուրին է շփվելը եւ կոնֆլիկտների հարթումը: Հատկանշական է, որ շատերն այսօր կերազեին նախագահի պաշտոնում տեսնել Փենսին, քան Թրամփին, ինչն էլ հիմք է տալիս բազմաթիվ վերլուծաբանների համար՝ պնդելու, որ Թրամփը իր նախագահության քառամյա շրջափուլը հազիվ թե հաղթահարի առանց լուրջ խոչընդոտների:

Հայաստանում նախագահին պաշտոնանկ անելու մեկ եղանակ կա, երբ Ազգային ժողովը անվստահություն է հայտնում նրան: Ինչպես գրեթե ամեն հարցում, այստեղ նույնպես սահմանադրակարգն ու իրական կյանքը խորը հակադրության մեջ են: Սերժ Սարգսյանն իր համար միշտ ցանկալի խորհրդարան է գծագրում, որը պարզապես ամորֆ մի մարմին է՝ անընդունակ լուրջ որոշումներ կայացնելու, առավել եւս մտքի ծայրով անցկացնելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը:

Վերջինիս սահմանադրական փոփոխությունների քմահաճույքի բավարարումից հետո ընդհանրապես կարելի է բացառել առանց Սերժ Սարգսյանի ապրելու տարբերակը: Նոր սահմանադրությամբ նախագահի պաշտոնը էական դերակատարություն չի ունենալու պետական կառավարման ասպարեզում, եւ ամեն ինչ հանգում է վարչապետի պաշտոնին: Ի դեպ, Սերժ Սարգսյանը հմտորեն գծագրել է, որ նախագահի, դատախազի, ԿԸՀ, ՀՌԱՀ եւ այլ ղեկավար պաշտոններում նույն անձը մեկ կամ երկու անգամից ավելի չի կարող ընտրվել, մինչդեռ խորամանկորեն բաց է թողնված վարչապետի պաշտոնում նույն գործչի ընտրության սահմանափակումը:

Իսկ վարչապետին կարելի է պաշտոնանկ անել միայն խորհրդարանի կամակատար մեծամասնության համաձայնությամբ, եւ պարզից էլ պարզ է, որ 2018թ. Սերժ Սարգսյանի մեծամասնությունը ոչ թե մտածելու է նրա պաշտոնաթողության, այլ «ազգովի խնդրանքով» նրան վարչապետի աթոռին բազմեցնելու մասին:

Ն. Հովսեփյան




Լրահոս