Արտագաղթի ներկայիս տեմպն ինձ շատ է վախեցնում. Պապին Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Պապին Պողոսյանը, ով տեւական ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում, եւ 13 տարի էր՝ Հայաստանում չէր եղել, արդեն մի քանի օր է՝ հայրենիքում է։ Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակին, արտագաղթի տեմպերին, խոսել է նաեւ հայկական երգարվեստի խնդիրների մասին։

-Պարո՛ն Պողոսյան, երբ ոտք դրեցիք հարազատ հողի վրա, ի՞նչ հիասթափեցնող եւ ի՞նչ հուսադրող հանգամանքներ նկատեցիք։

-13 տարի էր՝ Հայաստանում չէի եղել։ Մեծ հուզմունքով հանդիպեցի աղջկաս, թոռներիս, որոնք արդեն հարսնացուներ են դարձել։ Դա ինձ համար ամենաերջանիկ պահն էր։ Բայց, իհարկե, հիասթափեցնող հանգամանքները շատ են։ Ես կցանկանայի, որ այն, ինչ ունեինք երիտասարդ տարիներին, վերադառնար, շատ կուզեի, որ պատմական շենքերը պահպանած լինեինք, Երեւանում այգիները շատ լինեին, օրինակ՝ օպերային թատրոնի շրջակայքում սրճարաններն ավելի քիչ լինեին, փոխարենը տեսնեինք մեր անվանի դեմքերի արձանները, հնչեր դասական երաժշտություն։

-Տարիներ առաջ ինքներդ արտագաղթեցիք երկրից։

-Արտագաղթը ինձ հուզում է ու շատ վախեցնում։ Հարկավոր է ուղղակի մի փոքր աշխատելու հնարավորություն տալ ժողովրդին։ Մեր ժողովուրդը աշխատող է, ստեղծագործող։ Որ երկիր մտնես, կտեսնես, որ հայն այնտեղ մի շինություն է սարքել, ինչ-որ արժեքավոր բան է ստեղծել։ Մեր ազգակիցներին պետք է ուղղակի գոնե մինիմալ պայմաններով ապահովել, որպեսզի վերադառնան հայրենիք։

-Ինքներդ վերադառնալու ցանկություն ունե՞ք։

-Ես, իհարկե, ունեմ նման ցանկություն։ Ուր էլ գնանք, ինչ էլ անենք, մեր հայրենիքում անցկացրած անհոգ մանկությունն ու երիտասարդությունը չենք մոռանա։ Բոլորիս վերջին հանգրվանը լինելու է մայր հայրենիքում, ես Ձեզ հավատացնում եմ։

-Իսկ հայաստանյան ներքաղաքական կյանքին հետեւո՞ւմ եք։ Ի՞նչ տպավորություններ ունեք։

-Բոլորս էլ կիսում ենք մեր քաղաքացիների մտահոգությունները։ Շատ կցանկանամ, որ մեր երկրում անցկացվեն արդար, թափանցիկ ընտրություններ։ Հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ ամեն բան կհարթվի։

-Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանին այսօր ի՞նչն է պակասում։

-Վստահությունը, որոնք մարդիկ վաղուց կորցրել են, ինչպես նաեւ այն ջերմությունը, որ նախկինում կար մարդկանց սրտերում, այն ժպիտը, որ կար նրանց դեմքերին։ Այդ ամենի կորուստը կապված է մարդկանց ապրելաձեւի, սոցիալական վիճակի հետ։ Շատ կուզենայի, որ մարդկանց դեմքերին վերադառնար այդ ժպիտը, գոհունակությունը։

-Մեր իշխանությունների գործունեության մեջ ի՞նչն է, որ Ձեզ դուր չի գալիս։

-Իմ հիմնական ցանկությունն այն է, որ երբ իշխանավորները խոսում են ժողովրդի անունից, գոնե ինչ-որ տոկոսով իրականացնեն իրենց խոստացածը, իրենց խոսքի տերը լինեն։ Դա ամենակարեւորն է։

-Իսկ հայկական երգարվեստում տիրող մթնոլորտից ի՞նչ տպավորություններ ունեք։ Շատ է խոսվում այն մասին, որ ոլորտում գերակշռող է դարձել թուրքական կլկլոցն ու արաբական մուղամը։

-Ես համաձայն եմ, բայց նաեւ չեմ ուզում որեւէ երգչի քննադատել։ Ամեն մեկն ուզում է գումար աշխատել, ընտանիք պահել։ Բայց աբսուրդ է, երբ հեռուստաընկերություններն ու ռադիոընկերություններն են պրոպագանդում նմանատիպ երաժշտություն։ Ժողովուրդն էլ պետք է ուշքի գա ու չլսի այդ երաժշտությունը, չգնի այդ երաժշտությունը տարածող երգիչների համերգների տոմսեր եւ այլն։

-Դուք հետեւո՞ւմ եք, թե վերջին շրջանում նախագահն ում է արժանացնում վաստակավորի կոչումների։ Այդ պատկերը Ձեզ գոհացնո՞ւմ է։

-Գիտեք՝ նրանց թվում կան ե՛ւ արժանիներ, ե՛ւ անարժաններ։ Թող ղեկավարությունը մտածի՝ ում տա, ում՝ ոչ։ Ամեն բան այնքան է խառնվել, որ չես հասկանում՝ ինչ է կատարվում։ Ամեն դեպքում, երկրի ղեկավարությունը պետք է չափանիշները պահպանի։ Հուսով եմ՝ այս առումով դրական տեղաշարժ կուենանք։

Աննա Բաբաջանյան




Լրահոս