Օրեր առաջ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ավելի վաղ նախատեսված «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացումը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 24։ Պատճառը ռեժիսորի ունեցած տարաձայնությունն էր դերակատարներ Արամոյի եւ Լուիզա Ղամբարյանի հետ: Բանն այն էր, որ Ս. Շահվերդյանը ցանկացել էր փոփոխություններ մտցնել ներկայացման մեջ, այնինչ դերասանները չէին համաձայնել՝ նշելով, որ չեն հասցնի կարճ ժամանակում պատրաստվել:
«Ժողովուրդ»-ը Լուիզա Ղամբարյանից հետաքրքրվեց՝ արդյոք դերասաններին հաջողվել է ընդհանուր լեզու գտնել ռեժիսորի հետ, տարաձայնություններն, ի վերջո, հարթվեցին, թե ոչ. «Մեր միջեւ, ավելի ճիշտ կլինի ասել, ծագեցին հակասություններ, բայց ստեղծագործական պրոցեսում այդ ամենը նորմալ է։ Ի վերջո, Սուրենի նշած շտկումներն արվեցին, այնպես որ առաջիկայում հանդիսատեսին ներկայացումը կմատուցվի նորովի»,-ասաց նա։
«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ նոր ներկայացումներում է ընդգրկված դերասանուհին, կա՞ն արդյոք նոր կերպարներ, որոնք նա պատրաստվում է մարմնավորել. «Դրամատիկական թատրոնում երկու նոր ներկայացում է բեմադրվում։ Դրանցից առաջինի ռեժիսորը կրկին Սուրեն Շահվերդյանն է։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկությունը»», ես կխաղամ Բլանշի դերը։ Մյուս ներկայացումը, որտեղ ընդգրկված եմ, կբեմադրի Ժան Նշանյանը։ Գլխավոր դերերում Արթուր Ութմազյանն է ու ես»,-պատմեց դերասանուհին։
Հարցին, թե Լուիզա Ղամբարյանին առաջիկայում կտեսնենք արդյո՞ք որեւէ հեռուստանախագծի շրջանակում, վերջինս պատասխանեց. «Հանրային հեռուստաընկերության եթերում շուտով կլինի «Ծերանոց» աշխատանքային անունը կրող հեռուստասերիալ, որի շրջանակում կմարմնավորեմ բացասական կերպարի։ Այն, իսկապես, շատ է հետաքրքրել ինձ։ Ես խաղալու եմ ծերանոցի տնօրենի։
Ասեմ, որ սերիալում կան մի քանի կանանց կերպարներ, եւ ես ընտրության հնարավորություն ունեի։ Ի վերջո, կանգ առա հենց այդ կերպարի վրա, քանի որ այն միանշանակ բացասական չէ, պարունակում է մի շարք հետաքրքիր շերտեր։ Հեռուստադիտողն ընթացքում կհասկանա, որ այդ կինը ունի անցյալից եկող խնդիրներ, եւ նրա պահելաձեւը ինքնապաշտպանողական ռեակցիայի արդյունք է։ Մի խոսքով, ինձ գրավեց այն, որ սերիալում կերպարս բացելու հնարավորություն եմ ունենալու։ Այնպես որ, հետաքրքիր զարգացումներ են սպասվում»։
Աննա Բաբաջանյան