Նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում շատ վայրերում ՀՀԿ-ականները մրցակից չունեն, եւ ինչպես ասում են՝ պայքարելու են իրենք իրենց դեմ:
Բայց որքան էլ զարմանալի է, ՀՀԿ-ականներին մրցակիցներ են հայտնվել Արարատի մարզի Արտաշատ եւ Սյունիքի մարզի Գորիս քաղաքների դեպքում: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն Արտաշատում առաջադրել է ավագանու անդամ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը. նրանից բացի՝ այստեղ ինքնաառաջադրվել է նաեւ անկուսակցական Արտակ Սարգսյանը, ով «Գազպրոմ Արմենիա»-ի Արտաշատի ԳԳՄ-ում որպես հսկիչ է աշխատում:
Իսկ ահա Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ի թեկնածու Առուշ Առուշանյանի մրցակիցն էլ անկուսակցական, անհատ ձեռներեց Էրիկ Աղաջանյանն է:
Լուրջ կասկածներ կան, որ այս առաջադրումներն արվել են՝ ընդամենը ՀՀԿ-ականների համար մրցակցային ֆոն ստեղծելու համար, առավել եւս, երբ այս երկու քաղաքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նկատմամբ մեծ է հետաքրքրությունը: