ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են կրթվելու «անվան տակ» բանակում չծառայած պաշտոնյաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե սահմանադրական պարտավորությունը՝ երկրի պաշտպանությանը մասնակցելու, պետք է տարածվի բոլորի վրա:

Նախարարը նշել էր, թե այսօր «ակադեմիական տարկետումը դարձել է դուռ դեպի չծառայելն առհասարակ»: «Եթե մենք ունենայինք տարկետում բոլոր սովորող ուսանողների համար, ես պատրաստ կլինեի այդ բանավեճում երկար քննարկել արդյունավետությունը ընդհատման, բայց քանի որ մեզ մետ տարկետումը չափազանց ընտրովի է, այսինքն՝ բուհ ընդունվողների ընդամենը մի փոքր տոկոսն է ստանում տարկետման իրավունք, իսկ մնացածը, այնպես թե այդպես, ընդհատում են իրենց կրթությունը, ես կարծում եմ, որ դա իր մեջ պարունակում է շատ մեծ ռիսկեր:

Մենք ունենք պրակտիկա՝ առաջին ակադեմիական տարկետում ստացողներից երբեւէ այնուհետեւ զորակոչվում է ընդամենը 16 տոկոսը, այսինքն՝ ակադեմիական տարկետումը դառնում է դուռ դեպի չծռայելն առհասարակ»:

Եվ սա ասվում է այն դեպքում, երբ իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում եւ ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, հենց սովորելու պատճառով չի ծառայել բանակում:

Բանակում չծառայած պաշտոնյաների մասին բազմիցս ենք խոսել, սակայն նախարարի հայտարարությունների եւ նոր ձեւավորված կառավարության ֆոնին, թերեւս, արժի մեկ անգամ եւս վերհիշել, թե ովքեր են բանակում չծառայած պաշտոնյաները ու հենց կրթվելու «անվան տակ»:

Հ.Գ. Ցանկում ներկայացված անձինք ուսանելու պատճառով բանակում չեն ծառայել, բայց եւ չեն զբաղվել գիտությամբ: Բայց կան մարդիկ, որոնք, իրոք, զբաղվում են գիտությամբ, եւ նրանց բանակ զորակոչելն այնքան էլ ճիշտ չէ, թեեւ ՀՀ պաշտպանության ներկա նախարար Վիգեն Սարգսյանը փորձում է մարդկանց զրկել այդ իրավունքից:

Ի դեպ, 1995-1998թթ. ՀՀ ԱԺ նախագահի օգնական աշխատած Վիգեն Սարգսյանը պետք է հիշի խորհրդարանում 1997թ. հայտնի սկանդալը: Այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ԱԺ ներկայացվեց օրենքի նախագիծը, ըստ որի՝ հանվում էր տարկետման իրավունքը։

Եւ այդ նախագծի հիմնական ընդդիմախոսներից էր ԱԺ նախագահ, ԵՊՀ դասախոս Բաբկեն Արարքցյանը. նա հայտարարեց, որ եթե նախագիծն անցնի, ինքը հրաժարական կտա։ ԱԺ-ն «կողմ» քվեարկեց, Բաբկեն Արարքցյանը հրաժարական տվեց, խնդրին միջամտեց այն ժամանակ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ-ն չընդունեց Արարքցյանի հրաժարականը, իսկ Վազգեն Սարգսյանը հրաժարվեց իր նախաձեռնությունից։

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Արման Գալոյան




Լրահոս