
Բրյուսելում սպասվող ԵՄ գագաթնաժողովին Եվրամիություն Թուրքիայի մուտքի գործընթացը կասեցնելու մասին որոշում չի ընդունվի: Ինչպես հաղորդում է
«Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված ելույթում նշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Ես ասել եմ, որ մենք ցանկանում ենք քննարկել Թուրքիայում առկա իրավիճակը, այդ իսկ պատճառով խնդրել ենք Եվրահանձնաժողովին պատրաստել զեկույց: Իհարկե, մենք ներկայում չենք ընդունի որոշում, բայց ես կցանկանայի լսել իմ գործընկերների կարծիքն այն մասին, որ թե ինչ եզրակացություններ կարող ենք անել այս ամենից»,-ասել է նա:
Բեռլինի համար Անկարայի հետ հարաբերությունները վերանայելու պատճառ կանցլեր Մերկելը մատնանշել է թուրքական իշխանությունների կողմից զանգվածային ձերբակալությունները: «Կան բազմաթիվ փաստեր, որ մարդիկ մեր տեսանկյունից անարդար կերպով անազատության մեջ են, որովհետև նրանք ահով հետևում են երկրում քաղաքական զարգացումներին »,- հստակեցրել Մերկելը: