Երեւանի ավագանու նիստերին բավականին լարված մթնոլորտ է ստեղծվում: ՀՀԿ-ականները փայլում են իրենց ողջ հմայքով: Տպավորություն է, թե հանձինս ՀՀԿ-ականների՝ քաղաքի ղեկավարումը ստանձնել է թաղային խուժանը, քուչի թափթփուկը: Ավագանու վերջին նիստին ՀՀԿ ներկայացուցիչներն ինքնամոռաց մրցում էին, թե ով ավելի լավ բառապաշար կօգտագործի Տարոն Մարգարյանին պաշտպանելու համար:
Թերևս, չի կարելի առանձնացնել որևէ մեկին: Ավագանու ՀՀԿ-ական անդամներն այդ հարցում միմյանց չեն զիջում:
Այսօր կխոսենք Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի մասին: Թարմ օրինակ ավագանու արտահերթ նիստը, երբ Կամո Արեյանը ելույթ ունեցավ և դիմելով «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին` ասաց` ««Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ, որ կզրկվեք մի կտոր դրախտի այս բաժնից»:
Մեկ անգամ էլ Տարոն Մարգարյանին Երևանը քանդելու մեջ մեղադրող ԵԾ անդամ Մարինա Խաչատրյանին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց. «Տեղդ վե՛ր ընկիր»:
Իսկ Տարոն Մարգարյանը այդ նիստում փորձում էր զսպել եւ կանխել վիճաբանությունը՝ ձեւացնելով, թե հանդուրժողականության կողմնակից է, պարբերաբար կոչ էր անում չխանգարել ավագանու նիստերը: Բայց ՀՀԿ-ականներն անդրդվելի էին. չէ՞ որ շեֆին քծնելու եւ պաշտպանելու հրաշալի առիթ էր ստեղծվել: