«Իգլայի» գործով այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նիստը հետաձգվեց: Ամբաստանյալ Սամվել Բաբայանը գրություն էր ուղարկել դատարան` նշելով, որ առողջական խնդիրներ ունի եւ չի կարող ներկայանալ դատարան:
Այսօր պետք է ցուցմունք տային ամբաստանյալներ Սամվել Բաբայանը, Արմեն Պողոսյանը եւ Սանասար Գաբրիելյանը:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել: