ԵՊՀ-ն բիզնես կարգով ավիատոմս գնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած այն բանին, որ կառավարությունը հանձնարարեց տնտեսել պետական միջոցները եւ գործուղումների մեկնել բացառապես էկոնոմ կարգով, «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամը շարունակում է անտեսել այս հրահանգը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթից հայտնի դարձավ, որ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամից մեկ հոգի օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 13-ը բիզնես կարգի ավիատոմսով մեկնել է, տոմսի արժեքն էլ կազմել է 295 հազար 110 դրամ: Սակայն նկատենք, որ փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ որ ուղղությամբ եւ ում համար է եղել բիզնես կարգի այդ ավիատոմսը:

Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Սակայն վերջինս լսելով հարցը՝ զարմացավ.«Չգիտեմ դա ինչ բան է, սխալմունք կլինի, մեզ մոտ արգելված է, որ որեւէ մեկը բիզնես կարգով գործուղման մեկնի: Անգամ ռեկտորը չի գնում, ուր մնաց որեւէ մեկը: Դա դեռ կպարզեմ, թե ինչ է: Բայց դա երեւի գիտական գործուղում է, ով իր գրանտի հաշվին է գնացել»:

Բայց նկատենք, որ նման դեպքերում սովորաբար ավիատոմսի կարգի հարեւան սյունակում նշված է լինում այն մասին` հրավիրող կողմի հաշվի՞ն է գնվել բիզնես կարգի ավիատոմսը, թե՞ մեկնողի: Սակայն պետական համալսարան հիմնադրամի դեպքում նման բան նշված չէ: Ուրեմն համալսարանից են «թանկարժեք» թռիչք արել:

Մեր հրապարակումից հետո, պարզվում է, մայր բուհը դիմել է «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին` խնդրելով պարզաբանել կատարվածը:

Ընկերությունից ի պատասխան ռեկտոր Արամ Սիմոնյանի հարցման` հայտնել են, որ տեղի է ունեցել թյուրիմացություն:

«Հարգելի պարոն Սիմոնյան,
Օգտվելով առիթից` նախ թույլ տվեք հայտնել մեր երախտագիտությունը արդյունավետ համագործակցության համար։
Անդրադառնալով https://armlur.am/738584/ հղմամբ հրապարակված նյութին` տեղեկացնում ենք, որ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ կողմից կատարվել է https://govtravel.am/report/ կայքում հրապարակված 2017 թվականի հուլիս ամսվա հաշվետվության մանրակրկիտ ուսումնասիրություն։ Արդյունքում պարզվել է, որ Պողոսյան Գեորգի ուղևորի համար «ԷԿԵՆԳ» ՓԲԸ միջոցով ձեռք է բերվել Նյու Յորք-Ատլանատա-Գվադալախարա ուղղությամբ հետադարձով ավիատոմս (295.110,0 ՀՀ դրամ արժեքով), որը պատկանում է էկոնոմ դասի, սակայն, թյուրիմացաբար, վերոնշյալ հաշվետվության մեջ նշվել է որպես բիզնես դասի ավիատոմս, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ հետագայում նման թյուրիրմացություններից խուսափելու համար»:




Լրահոս