ԵՄ երկրների ներկայացուցիչները ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ կապված մնացած հարցերն արդեն համարում են Հայաստանի Հանրապետության անելիքը: Մասնավորապես նրանք նշում են, թե ԵՄ-ն ամեն ինչ արել է, եւ հիմա գործելու հերթը Հայաստանինն է:
Մասնավորապես օրեր առաջ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի իշխանություններին կոչ էր արել բրյուսելյան գագաթնաժողովից առաջ կատարել տնային աշխատանքը: «Էլի եմ ուզում կրկնել՝ սկսեք ձեր ներքին նախապատրաստական աշխատանքներն այդ օրվա համար: Պատրաստվե՛ք, կատարե՛ք ձեր տնային աշխատանքը, եւ այդ օրը, հուսով եմ, կգա», – նշել էր նա:
Դրանից առաջ էլ Սվիտալսկին վստահեցրել էր, թե ամեն ինչ պատրաստ է՝ նոյեմբերին համաձայնագիրը ստորագրելու համար: «Ամեն ինչ իր հետագծով առաջ է շարժվում: Մարդիկ աշխատում են ջանասիրաբար, որպեսզի մենք կարողանանք փաստաթղթի ստորագրումն իրականություն դարձնել՝ նոյեմբերին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Մեր կողմից՝ ԵՄ-ի կողմից, մենք ամեն ինչ պատրաստում ենք ե՛ւ թուղթը, ե՛ւ թանաքը՝ ստորագրելու նոր համաձայնագիրը նոյեմբերին», – հայտարարել էր նա:
Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, որ այժմ ամեն ինչ կախված է միայն Հայաստանից:
-Նոյեմբերին նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Ի՞նչ եք կարծում՝ այս անգամ այն կստորագրվի՞:
-Պայմանագիրը պետք է ստորագրել եւ դրան հետեւել: Հայաստանն ազատ երկիր է, որը կարող է լուծել իր խնդիրները: Եվ ինչու նա չի կարող պայմանագիր ստորագրել: Եթե Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, դա չի նշանակում, որ չի կարող համագործակցել նաեւ ԵՄ-ի հետ:
-Պյոտր Սվիտալսկին վերջերս նշել էր, թե ամեն ինչ պատրաստ է ստորագրման համար, եւ Հայաստանը պետք է կատարի իր տնային աշխատանքը:
-Ես չեմ կարող հստակ ասել՝ հստակ կստորագրվի, թե ոչ, սակայն մեկ բան կարող եմ ասել, որ հիմա ամեն ինչ կախված է միայն Հայաստանից: Վստահ չեմ կարող ասել՝ ինչ կլինի, սակայն լիահույս եմ, որ, ի վերջո, պայմանագիրը կստորագրվի:
-Ի՞նչ հետեւանքներ կլինեն այն չստորագրելու դեպքում:
-Գիտեք, ես հաշվի եմ առնում Հայաստանի գեոքաղաքական իրավիճակը: Այն բարդ է, եւ հասկանում եմ Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ հասկանում եմ նաեւ, թե ինչու է այն այնպիսին, ինչպիսին կա: Քաղաքականության մեջ պետք է հաշվի նստել գերտերություն հանդիսացող հարեւան երկրների հետ: Դրանով ես ցանկանում եմ ասել, որ չեմ կարող Հայաստանին մեղադրել այն բանի համար, որ նա Հարավային Կովկասում ուրույն պրոռուսական դեր է խաղում:
-Սակայն, եթե այս անգամ պայմանագիրը չստորագրվի, Եվրոպան եւս մեկ շանս կտա՞:
-Քաղաքական գործընթացները միշտ դանդաղ են առաջ գնում: Ղարաբաղյան կոնֆլիկը դրա վառ ապացույցն է: Այն արդեն երկար տարիներ է ձգվում՝ 25 տարի, եւ դեռ կշարունակվի: Ես կարծում եմ, որ հիմա պետք է եւ օգտակար է լուծել Ղարաբաղի հարցը, այսինքն՝ պետք է սկսել Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթաց: Իհարկե, շատ լավ կլինի, որ այդ համաձայնագիրը ստորագրվի, սակայն ես հասկանում եմ, թե ինչ իրավիճակում է Հայաստանը գտնվում: Ես հավատում եմ, որ Հայաստանը խելացի կգտնվի:
-Հայաստանը պե՞տք է սկսի այդ գործընթացը:
-Դա կախված է Հայաստանից, բայց ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որպեսզի հենց Հայաստանի կողմից ճանաչվի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ՌԴ-ն ինչպե՞ս է վերաբերում ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու ՀՀ-ի որոշմանը: Կարո՞ղ է որեւէ կերպ խոչընդոտել:
-Ես կարծում եմ, որ ՌԴ-ն բացասաբար է վերաբերում այդ դիրքորոշմանը: Բայց ես կարծում եմ, որ հայկական դիվանագիտությունը բարձր մակարդակի վրա է գտնվում, եւ կկարողանան այս հարցը լուծել եւ այնպես անել, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները չանդրադառնան ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա:
Ես կարծում եմ, որ որքան էլ Ռուսաստանը փորձի խանգարել պայմանագրի ստորագրմանը, միեւնույն է՝ հայկական հպարտությունը դա թույլ չի տա:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյան