Նոր զարգացումներ կեղծ թղթադրամների գործով. մեկ անձ կալանավորվել է հենց դատարանի դահլիճում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հունվարի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ շրջանառելու գործով սեպտեմբերի 27-ին մեկ անձ հենց դատարանի դահլիճում կալանավորվել է:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ կեղծ փողերը պատրաստվել են գունավոր պատճենահանման եղանակով: Փաստի առթիվ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի հատկանիշներով՝ կեղծ փողեր պատրաստելը, պահելը եւ իրացնելը: Մեղադրյալի աթոռին էին հայտնվել Արմեն Հակոբյանը եւ Կարեն Աբելյանը:

Իսկ ինչպես են վերոնշյալ անձինք պատրաստել 10.000 դրամանոց կեղծ թղթադրամները: Պարզել էինք, որ 2017 թվականին Արմեն Հակոբյանը համակարգչային գունավոր շիթային տպիչով պատրաստել էր 6 հատ 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ եւ դրել շրջանառության մեջ:

Պարզեցինք, որ ընկերները վերցրել էին պատրաստած կեղծ թղթադրամներից 5 հատը եւ գնումներ արել ՀՀ-ում գործող տարբեր բենզալցակայաններից:
Այդ արարքի համար տղաների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Շուրջ 7 ամիս ձգվում էր գործի դատաքննությունը: Եւ ահա այս տարվա սեպտեմբերի 27-ին Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը այս գործով անսպասելի վճիռ կայացրեց:

Դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը Արմեն Հակոբյանին եւ Կարեն Աբելյանին մեղավոր ճանաչեց կեղծ թղթադրամներ սարքելու եւ շրջանառության մեջ դնելու համար եւ նրանց 3 տարի ժամկետով կալանավորելու որոշում կայացրեց: Ու հենց դատարանի դահլիճում տղաները կալանավորվեցին:

Նշենք, որ Արմեն Հակոբյանի պաշտպան Լուիզա Հարությունյանը նրա մասով վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում՝ պահանջելով, որ Արմեն Հակոբյանի նկատմամբ կիրառվի ՀՀ քր. օր-ի 70 հոդվածը: Այսինքն՝ պատիժը պայմանականորեն չկիրառվի` սահմանելով փորձաշրջան: Տեսնենք, թե վերաքննիչ դատարանը ինչ որոշում կկայացնի:

Քնար Մանուկյան




Լրահոս