Ադրբեջանից անհասկանալի ճանապարհով Հայաստանի շուկա մտած խնձորների գործով բոլոր 3 դատական նիստերը հետաձգվել են: Վերջին՝ սեպտեմբերի 26-ի նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Հարություն Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը դատական նիստին չէր ներկայացել:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն ամբաստանյալ Հ. Խաչատրյանին ասաց, որ նա պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի իր պաշտպանը ներկայանա դատական նիստերին, կա՛մ նոր պաշտպան գտնի, կա՛մ էլ դատարան ապացույցներ ներկայացնի իր անվճարունակության վերաբերյալ, որպեսզի նրան դատարանը հանրային պաշտպան տրամադրի:
Դատավորը հաջորդ նիստը հոկտեմբերի 20-ին նշանակեց, որպեսզի Հ. Խաչատրյանի կողմից նոր պաշտպան ներգրավելու դեպքում վերջինս հնարավորություն ունենա ծանոթանալու 5 հատորանոց քրեական գործի նյութերին:
Հիշեցնենք, որ սույն գործով Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 1-ին հերթափոխի նախկին մաքսային տեսուչ Հարություն Խաչատրյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ Վահե Ասլանյանին, նախկինում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի 1-ին կարգի մասնագետ Համբարձում Դավթյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ Խաչիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:
Նկատենք, որ այս գործով բարձրացած հասարակական աղմուկից հետո մամուլի եւ հանրության ուշադրությունը դրա հանդեպ մարել է: Միակ լրագրողը, որ լուսաբանում է այդ դատը, «Ժողովուրդ» օրաթերթի Տավուշի թղթակիցն է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ