«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ Լեւոն Իգիթյանը եւ Կամո Արեյանը կատարել են խուլիգանություն, որպեսզի հաճոյանան Տարոն Մարգարյանին:
Ստորեւ ներկայացնում ենք «Երկիր Ծիրանիի» հայտարարությունն այդ մասին.
«ՀՀ գլխավոր դատախազին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությանը
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գործի նկարագրություն
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու նախընտրական ծրագրում կարեւորելով կոռուպցիայի եւ քաղաքական ու տնտեսական մենաշնորհների դեմ պայքարը՝ ամրագրել է հետեւյալ դրույթները.
«Համաձայն «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի բնորոշման` կոռուպցիան Հայաստանում համարվում է «էնդեմիկ եւ համատարած երեւույթ, որը թափանցել է հասարակության բոլոր ոլորտները»: Հայաստանում առկա կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ զեկույցներ են հրատարակել նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են` «Կովկասյան բարոմետր»-ը, «Բաց հասարակության ինստիտուտ»-ը, «Policy Forum Armenia»-ն, որոնք գրեթե նույն պատկերն են արձանագրում:
Կոռուպցիայի համակարգային բնույթն ու ստվերային տնտեսության ահռելի չափերը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները վտանգում են պետականության հիմքերը եւ ամբողջությամբ խոչընդոտում են մեր երկրի եւ հասարակության զարգացման հեռանկարները: Անհրաժեշտ է ներդնել հանրային եւ համայնքային կառավարման արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետու համակարգեր»:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջնահերթություն է համարում իրավունքի գերակայության սկզբունքի հարգումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը: Սույն առաջնահերթություններից ելնելով՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը իր ծրագրում ամրագրել է հետեւյալ դրույթները.
«Իրավունքի գերակայության երաշխավորման համար հիմք եւ ուղեցույց են` Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, իրավունքի գերակայության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոտեցումները, «Իրավունքի գերակայության սկզբունքի» մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1594(2007) բանաձեւը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ինչպես նաեւ «Ազգային եւ միջազգային մակարդակներում իրավունքի գերակայության մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի հանդիպման հռչակագիրը»: Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերաբերյալ միջազգային նորմերի ուղղակի կիրառում եւ հարգում:
– 2015 թվականին անցկացված սահմանադրական հանրաքվեի` կեղծված արդյունքների եւ դրանից բխող` փաստացի գործող քաղաքական կառուցվածքի մերժում»:
«Հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական եւ արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է կատարել ծրագրված գործողություններ, որոնք պետք է ներառեն հետեւյալ սկզբունքները` քաղաքական կամք, հանրային շահի առաջնայնություն, բարեխղճություն, թափանցիկություն, իրավունքի գերակայություն, բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ հավասարապես պաշտպանվում են օրենքով, ապահովված է իշխանությունների լիարժեք բաժանումը, հարգանքը մարդու իրավունքների ու ազատությունների հանդեպ, ինչպես նաեւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի հետեւողական իրագործում, կոռուպցիոն ռիսկերի գնահատում եւ կառավարում, քաղաքական բարձրագույն մակարդակում հաշվետվողականություն»:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ առաջնորդվելով իր սկզբունքներով, գաղափարախոսությամբ եւ ծրագրային վերը նշված դրույթներով, հայտարարել է, որ ստանձնելով Երեւանի ավագանու պարտականությունները պայքար է մղելու բոլոր տեսակի ապօրինությունների դեմ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երեւանում չի գործում օրինական իշխանություն` տեղական ինքնակառավարման մարմինը բռնազավթված է եւ մինչեւ օրինական իշխանության ձեւավորումը՝ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցությունը, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից եւ ղեկավարվելով ազգային ու միջազգային օրենքներով.
-պատասխանատվության է կանչելու Երեւանը քանդող, նրա բյուջեն եւ գույքը յուրացնող բոլոր պաշտոնյաներին,
-տարածման եւ հանրայնացման միջոցով հիմքեր է ստեղծելու իր ծրագիրը կյանքի կոչելու համար:
Հիմքը ընդունելով վերը նշված ծրագրային դրույթները՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու խմբակցության անդամները ծավալում են իրենց քաղաքական գործունեությունը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության գործունեությունը 2017 թվականի մայիսի 14-ց սկսած դարձել է բռնաճնշման թիրախ (տես` 2017 թվականի մայիսի 14-ին հարձակում Զարուհի Փոստանջյանի եւ նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի վրա