ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվում են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից կատարված հափշտակության հանգամանքները։
2017թ. հոկտեմբերի 9-ին՝ առավոտյան, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար:
Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն իրականացնելու՝ գրավոր ներկայացրած սպառնալիքով մասնաճյուղի կառավարչից պահանջել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Նախնական հաշվարկներով՝ հափշտակվել է տարբեր արժույթների մոտ 95.750.000 ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար:
Քննությամբ պարզվել է, որ դեպքից առաջ մի երիտասարդ գնացել է բանկի նշված մասնաճյուղ և կառավարչին հայտնել 60.000 Եվրո՝ ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն։ Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է մտել մեկ այլ երիտասարդ և գրավոր սպառնացել պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում, ապա հափշտակել առանձնապես խոշոր չափի գումարը և դիմել փախուստի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ դեպքի վայրից փախուստի եղանակի, կատարված ավազակային հարձակմանն առնչություն ունեցած 4 անձի ինքնության վերաբերյալ։ Երեք անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու նպատակով ավազակություն, առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով, երկուսը՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու նպատակով ավազակությանն օժանդակելու կասկածանքով։ 4-րդ անձին, ով կասկածվում է դեպքի օրը բանկից գումարը հափշտակելու մեջ, հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, կատարված ավազակային հարձակմանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու ուղղությամբ։
Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։
ՀՀ քննչական կոմիտե