Չշնորհավորելով Հայ մամուլի օրը` պաշտոնյաներն արտահայտեցին իրենց զգացմունքները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայ մամուլի օրն էր: 223 տարի առաջ՝ 1794 թ. հոկտեմբերի 16-ին, Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն քահանա Շմավոնյանի խմբագրությամբ լույս տեսավ հակական առաջին պարբերականը՝ «Ազդարար» թերթը: ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ՝ Հայաստանում հոկտեմբերի 16-ը նշվում է որպես հայ մամուլի օր: Բայց պետական բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք երեկ հարկ չհամարեց անդրադառնալ օրվան. ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ վարչապետ Կարեն Կարապետյանը թեկուզ ձեւական ուղերձ չհղեցին:

Մինչդեռ նախկինում ե՛ւ Տիգրան Սարգսյանը, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ Գալուստ Սահակյանն իրենց պաշտոնավարման տարիներին մշտապես շնորհավորական ուղերձներ էին հղում՝ անկախ իրենց հասցեին մամուլի հնչեցրած երբեմն դաժան, երբեմն էլ անտեղի քննադատություններից: Այսօրվա պաշտոնյաների պահվածքը պատահական չէ. ազատ մամուլը նրանք ընդունում են որպես թշնամի եւ ջանք չեն խնայում տարբեր խոչընդոտներ ստեղծելու հարցում, էլ ուր մնաց՝ շնորհավորեն այդ օրվա առթիվ: Այլապես, առաջադեմ կթվորուհիների, ժրաջան բանվորների, «նորագույն երիտասարդների մազերն օսլայելու», Պստիկ.am կայքը աշխատեցնողների մասնագիտական տոնը հիշող պաշտոնյաների համար դժվար չէր անդրադառնալ նաեւ ավանդական մամուլի ներկայացուցիչ լրագրողներին: Բայց չարեցին. միայն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է երեկ շնորհավորել մեզ:

Թեեւ մյուս կողմից էլ կա մի հանրահայտ իրողություն. երբ իշխանության ներկայացուցիչները լրագրողներին չեն սիրում, դա նրանց աշխատանքի լավագույն գնահատականն է»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս