ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ԿՈՏՐՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեն մշակել ու կառավարություն է ներկայացրել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, որն էլ երեկ արժանացել է կառավարության հավանությանը: Ըստ այդմ, քանի որ հիմա դեպքի վայրի պահպանությունը դրված է միայն հետաքննության մարմիններից ոստիկանության եւ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների վրա, քննչական կոմիտեն առաջարկում է այդ ցանկում ներառել նաեւ հետաքննության մյուս մարմիններին՝ հարկային, մաքսային, ԱԱԾ:
Քննչական կոմիտեի այս նախաձեռնությունը, թերեւս, պատահական չէ. քննչական կոմիտեն իր գործողություններով կասկածի տակ է դնում ոստիկանության գործունեության արդյունավետությունը, քանի որ ՊՆ-ն միայն զինվորականներին առնչվող գործերի ժամանակ է դեպքի վայր պահպանում: Գուցե նախաձեռնությունն առավել խորը արմատներ ունի, բայց զուգադիպեց Երեւանի Հերացու փողոցում վերջերս տեղի ունեցած ավտովթարի դեպքի հետ, երբ ոստիկաններն այդպես էլ չէին կազմակերպել դեպքի վայրի պահպանությունն, ու քաղաքացիներից մեկը կարողացել էր անարգել տանել մեքենայի շուռ գալու հետեւանքով թափված մակարոնի պարկը: Դրանից հետո ՔԿ-ն հայտարարությամբ հանդես եկավ՝ ոստիկանությանը հիշեցնելով օրենքով վերապահված լիազորությունները: Փաստորեն հիմա էլ նրանք փորձում են նաեւ օրենսդրական որոշակի քայլեր անել՝ ոստիկանության «մենաշնորհը» կոտրելու համար:

 

 

 

Հայաստանում կարագի մանրածախ վաճառքի գները բարձրացել են մոտ 50 տոկոսով, եւ սրա արդյունքում՝ զգալի նվազել են Հայաստան ներմուծվող կարագի ծավալները: Ավելին՝ մասնագետներն ահազանգում են, որ գնաճի շարունակականության պայմաններում էլի կշարունակեն կտրուկ նվազել սպառման ծավալները, երբ մարդիկ սոցիալական պայմաններից ելնելով՝ ստիպված կլինեն կարագը փոխարինել ձեթով կամ էլ էժանագին կարագով: Ամեն մեկն իր հնարավորությունների սահմանում: Թեեւ մյուս կողմից՝ ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության պետ Գնել Ալավերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մեր երկրում կարագի գների բարձրացումը ավելի քիչ է, քան միջազգային շուկայում: Նրա խոսքերով՝ գնային բարձրացումները կմնան մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիս: Թե ինչ իրավիճակ կստեղծվի մարտին, ապրիլին, Ալավերդյանը դժվարացավ կանխատեսել: Հավելենք, որ ըստ լուրերի՝ կարագի գինը էլի կբարձրանա՝ հասնելով մինչեւ 6 հազար դրամի:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Հայաստանում ձեւավորել առողջապահության օմբուդսմենի ինստիտուտ: Այն կոչվելու է Բժշկակական համակարգի հաշտարար, բայց իր գործառույթներով, ըստ էության, նմանվելու է Մարդու իրավունքների պաշտպանին: ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն մշակել ու կառավարությանն է ներկայացրել «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» օրենքի հայեցակարգը, ըստ որի՝ գործող օրենսդրությամբ ՄԻՊ-ին տրված լիազորությունները բավարար չեն այս ոլորտում համապատասխան միջամտություն ցուցաբերելու համար, հետեւաբար պետք է միանգամայն նոր մարմին ստեղծել: Սա նշանակում է, որ ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքից դժգոհ են անգամ պետական գերատեսչությունները, ՀՀ օմբուդսմենն իր առջեւ դրված խնդիրը չի իրականացնում: Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն էլ բիզնես օմբուդսմենի ինստիտուտ է ձեւավորելու:

 

 

 

Երեկ ուսուցչի տոնն էր: Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների անունները: Պարգեւատրվածների ցանկում է Եղեգի միջնակարգ դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Մերի Գանդալյանը, որին վարչապետի որոշմամբ նվիրվել է համակարգիչ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Գանդալյանը խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն է ունեցել եւ Կապանի 38 ընտրատարածքի 1-ին տեղամասում եղել է հանձնաժողովի քարտուղարը: Ու ենթադրվում է՝ նրան պարգեւատրել են հենց ընտրությունների ժամանակ մատուցած ծառայությունների համար:

 

 

 

 

ՇՄԱՅՍԱՑՈՒՄ
Խորհրդարանում երեկվա թեժ բանավեճն ավարտվեց բռունցքներով. ծեծկռտուք է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ: Մի քանի օր է՝ իր ելույթներում Փաշինյանն անդրադառնում էր Արտաշես Գեղամյանի՝ մոլի ռուսամետ պահվածքին՝ ամեն անգամ հեգնելով նրան: Գեղամյանն էլ երեկ զգուշացրեց՝ չափդ մի՛ կորցրու: Արդեն միջանցքում, երբ նրանք փորձել էին հաշիվներ պարզել, ամեն ինչ շատ արագ վերածվել է քաշքշոցի ու ծեծկռտուքի: Ընդ որում, ծեծկռտուքը եղել էր այնպիսի վայրում, որտեղ չկան տեսախցիկներ, այլ միայն մեկ-երկու հոգի է տեսել կատարվածը:
Միջադեպի մասին առաջինն ահազանգեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գորգիսյանը՝ ԱԺ ամբիոնից ելույթում տեղեկացնելով, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեղամյանը հարձակվել է իրենց խմբակցության ղեկավարի վրա, եւ ՀՀԿ-ականներին իրենց գործընկերոջը զսպելու կոչ արեց: Իսկ Փաշինյանն էլ միջադեպի մասին տեղյակ էր պահել սոցիալական ցանցերում՝ գրելով, թե Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա, ինքն էլ հաջողությամբ պաշտպանվել, այնուհետեւ կոշիկներն է փայլեցրել գործընկերոջով: Արտաշես Գեղամյանը, սակայն, հերքել է այդ ամենը՝ ասելով, որ եթե ինքը հարվածեր որեւէ մեկին, ապա վերջինս կհայտնվեր հիվանդանոցում, նաեւ նշել էր, որ եթե տղամարդիկ իրար միջեւ հարցեր են պարզում, այդ մասին չեն բարձրաձայնում սոցիալական ցանցերում, եւ որ նման պահվածքը հարիր չէ:
Մի խոսքով՝ նոր խորհրդարանն այս կարճ ընթացքում հասցրեց հանրության աչքի առաջ հառնել իր ողջ «հմայքով»: Միայն թե, համաձայնեք, տեղի ունեցածն իսկապես ամոթալի էր: Ամոթալի էր, որովհետեւ թվում էր, թե գոնե այս ԱԺ-ն /որն, ի դեպ, խորհրդարանական կառավարման համակարգում երկրի առանցքային իշխանական մարմինն է/ մաքրվել է օդիոզ կերպարներից՝ փոխարենը համալրվելով բանիմաց, որակապես բարձր կադրերով: Հետո ոմանք ուրախացել էին, որ այլեւս խորհրդարանում չի հայտնվի Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը: Բայց արի ու տես, որ Առաքել Մովսիսյանն իր գործունեության ողջ ընթացքում գործի չդրեց բռունցքները, միայն տեղը եկած ժամանակ մի լավ հայհոյում էր, այդպես հանգստացնում նյարդերը ու վերջ: Մինչդեռ հիմա քաղաքական գործչի համբավ ունեցող պատգամավորներն են իրար մեջ հարցերն այլ կերպ լուծում:

 




Լրահոս