ԳՈՒՄԲՈՒՐԴՈ ԳՅՈՒՂՈՒՄ ՄԻՋԱԴԵՊԻ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱԾ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո մշտապես կապի մեջ է Վրաստանի իշխանությունների եւ վրացական ուղղափառ եկեղեցու հետ, որպեսզի օրեր առաջ միջադեպի պատճառ դարձած խնդիրը լուծում ստանա:

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 30-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում: Ամեն ինչ սկսվել էր այն բանից, որ գյուղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել գյուղի եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին: Սակայն ոստիկանությունը արգելել էր խաչքարի տեղադրումը՝ շրջափակելով եկեղեցու տարածքը: Ավելի ուշ դեպքի վայր էին ժամանել նաեւ հատուկ ջոկատայիններ, որից հետո ստեղծված լարվածությունը վերածվել էր ծեծկռտուքի:
Այժմ իրավիճակը հանդարտ է, եւ խաչքարի տեղադրման հետագա ճակատագիրն արդեն որոշելու են հայկական եւ վրացական եկեղեցիները: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:
-Սրբազա՛ն, հայտնի է, որ վրացական ուղղափառ եկեղեցու հետ բանակցություններ են ընթանում Գումբուրդո գյուղում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպից հետո: Կասեք՝ բանակցություններն ի՞նչ փուլում են, ի վերջո, հարցն ինչպե՞ս է կարգավորվելու:
-Քիչ առաջ վերադարձա Վրաստանի պատրիարքարանից, որտեղ արդեն երկրորդ անգամ աշխատանքային հանդիպում ենք ունենում պատրիարքարանի բարձրաստիճան հոգեւորականների եւ կառավարության ներկայացուցիչների հետ: Բոլորիս նպատակն է գտնել ընդունելի լուծում մեր ժողովրդի բարձրացրած հարցի հետ կապված: Այս առումով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի մեջ մտնում են ե՛ւ հայ եկեղեցու, ե՛ւ վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ եւ պետական համապատասխան մարմինների ներկայացուցիչներ: Այսօրվա հանդիպմանը ընդունվեց հայտարարություն, եւ դրանից բացի՝ մենք նախատեսում ենք առաջիկայում գնալ նաեւ Ախալքալաք, հանդիպել տեղի իշխանության եւ Գումբուրդոյի ժողովրդի հետ եւ գտնել ընդհանուր լուծումներ, որոնք կբավարարեն թե՛ ժողովրդին եւ թե՛, բնականաբար, կպահպանեն օրինականությունը Վրաստանում: Շատ կարեւոր է, որ նկատելի է թե՛ վրաց պատրիարքարանի, թե՛ վրաց իշխանավորների անկեղծ անհանգստությունը եւ նաեւ ձգտումը հարցին լուծում տալու, որպեսզի հնարավորինս բոլորն էլ բավարարված մնան սույն հարցի հետ կապված: Սա շատ կարեւոր եմ համարում, որովհետեւ վրացական կողմը շատ ուշադիր եւ շատ զգույշ է մեր հայ-վրացական հարաբերությունների հետ կապված, եւ շատ կարեւորում են այդ հարցերը:
-Նշեցիք՝ այսօր հայտարարություն է ընդունվել: Ի՞նչ հայտարարության մասին է խոսքը:
-Հայտարարության մեջ նշվում է, որ այդ միջադեպը տեղի ունեցավ որոշ թյուրիմացությունների կամ թյուրըմբռնման պատճառով, եւ մենք կոչ ենք անում մեր ժողովրդին խաղաղության եւ ասում ենք, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գործելու է եւ հետագայում իր անելիքների մասին կտեղեկացնի ազգաբնակչությանը:
-Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե Վրաստանն առաջարկում է, որ խաչը լինի ե՛ւ հայկական, ե՛ւ վրացական: Հնարավո՞ր է՝ նման լուծում տրվի:
-Տարբեր խոսակցություններ եւ առաջարկություններ կան, բայց լուծումները կլինեն առաջիկայում: Մենք հարցերը բարձրացրել ենք, սպասում ենք պատրիարքարանի կողմից պատասխանի: Թե ինչպիսին կլինի՝ հայ-վրացական հուշարձան, հայկական կամ վրացական խաչքարեր, դրանք ապագայի որոշելիք հարցեր են: Այս պահին դժվարանում եմ ասել՝ ինչպիսին կլինի, չեմ ցանկանում առաջ ընկնել, հարցերն այսօր բարձրացվել են, մենք սպասում ենք, որ պատրիարքարանում կքննարկվի, եւ մեզ պատասխան կտրվի, մենք էլ կտեղեկացնենք հանրությանը: Հստակ է, որ հարցը գնում է լուծման. մնացած մանրամասները պարզ կլինեն մոտ ապագայում:
-Հրապարակումներ եղան, թե նշված խնդիրը հին պատմություն ունի:
-2015 թվականից սկսվել են վերանորոգման աշխատանքները, եւ պետք է նշեմ, որ հանդիպման ընթացքում վրաց պատրիարքարանի բարձրաստիճան հոգեւորականները նույնպես դժգոհությունը հայտնեցին Վրաստանի հուշարձանների պաշտպանության եւ վերանորոգման գործակալության նկատմամբ, որ ոչ միայն այս դեպքում, այլ նաեւ ուրիշ տեղեր նման անփույթ գործողություններ են կատարել՝ ոսկորների, մնացորդների նկատմամբ նման անփույթ վերաբերմունք ունենալով: Չենք կարող ասել, որ սա բացառությամբ հայերի նկատմամբ էր: Այդպիսի անփույթ վերաբերմունք նախկինում էլ եղել է:
-Իսկ, ի վերջո, սեպտեմբերի 30-ին գյուղում տեղի ունեցած միջադեպն ինչի՞ հետեւանք եք համարում:
-Ես կասեի՝ ժողովրդի որոշ հատվածի միամտության եւ ինչ-որ մարդկանց սադրանքներին լսելու հետեւանք էր: Մենք ակտիվիստների հետ սեպտեմբերի 16-ին հանդիպում ենք ունեցել Դադեշ գյուղում եւ խնդրել ենք համբերություն, որ այս հարցերը մեկ օրվա չեն, մենք խոսում ենք, բանակցում ենք, բայց հանկարծակի ինչ-որ մարդիկ շփոթության մատնելով ժողովրդին՝ տարան այդպես վիճակի: Կարող եմ բացեիբաց ասել, որ մեր կողմից ընդունելի չեն նման մոտեցումները: Ընդունելի չէ նաեւ այդպես անհամաչափ ուժ կիրառելն ուժային կառույցների կողմից:
-Ի՞նչ մարդկանց մասին է խոսքը:
-Ես չեմ կարող ասել այդ մարդկանց անունները, ես չգիտեմ կոնկրետ, բայց գործողությունները նման են սադրանքի: Ժողովրդին իրավունք չունեին տանելու այդպիսի ընթացքի, չի կարելի:

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՅՈՒՋԵ ԵՆ ԼՑՆՈՒՄ

Արդեն մի քանի օր է, որ լրատվամիջոցները բարձրաձայնում են մսամթերքի, կաթնամթերքի շուկաներում թանկացումների մասին: Երեք ամիսների ընթացքում միսը թանկացել է մոտ 1000-1500, իսկ կարագը՝ 800 դրամով: Բացի նշված մթերքներից՝ թանկացել են նաեւ այլ ապրանքներ՝ պանիրը, ծխախոտը, շաքարավազը, նրբերշիկների որոշ տեսակներ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանն այս ամենը բացատրել է միջազգային շուկաներում գնային փոփոխություններով:

Սակայն ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ թանկացումները կապ ունեն բյուջեի հավաքագրման հետ: Նա չբացառեց, որ կառավարությունն այլ ելք չունենալով՝ փորձում է բյուջեն այսպես լցնել:
-Պարո՛ն Մելքումյան, վերջին օրերին բարձրաձայնվեց մի շարք ապրանքների թանկացման մասին: Օբյեկտիվ պատճառներ տեսնո՞ւմ եք:
-Հարկային մուտքերը հաշվի առնելով՝ միջին ամսական մուտքերը 90-95 մլրդ դրամ է: Մինչեւ տարեվերջ պետք է ամսական հավաքեն 100 մլրդ դրամից ավել, որը ռիսկային է: Կա՛մ պետք է լինի տնտեսական աճ, որը դանդաղում է, կա՛մ պետք է լինի գնաճ:
-Այսինքն՝ դա արվում է բյուջեն լցնելո՞ւ համար:
-Ստացվում է այդպես, ի վերջո, վերջնական սպառողները բնակիչներն են: Գնաճ եղավ, դրա հաշվին մուտքերը շատանում են: Եթե նույն կարագն արժի 3800 դրամ, դրանից մի հարկ է գնում, եթե արժի 5800, դրանից՝ մեկ այլ, ավելի բարձր հարկ: Չեմ ասում, որ ամբողջապես դա այդպես է, իհարկե, կարող են միջազգային շուկաներում խնդիրներ առաջանալ, սակայն ես կառաջարկեի կառավարությանը մանրածախ եւ մեծածախ գին ցիկլն ուսումնասիրել եւ տեսնել, թե խոշոր սուպերմարկետների շահութաբերությունն ինչպիսին է, այ, էդ թանկացած ապրանքների հաշվին:
-Մինչ ապրանքներն օր օրի թանկանում են, օրեր առաջ պարզ դարձավ, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագծով աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանալու:
-Դուք ճիշտ եք, 2015 թվականից հետո չեն բարձրանում: Դեռ բյուջեի նախագծից վաղ է խոսել, սակայն մի քանի հանգամանք կա. հենց մեկը դա, որ թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանալու, տնտեսական աճի մակարդակը չի համապատասխանում հենց կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված ցուցանիշին: Այդ մարտահրավերներն արդեն խոսում են, որ խնդիրներ կան:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՄՈՍԿՎԻՉՈՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի հավերժ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի ունեցվածքը բավական ուշագրավ է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն՝ քաղաքապետն ունի մեկ հատ անհատական բնակելի տուն, մեկ բնակարան, հասարակական եւ արտադրական նշանակության մեկական շինություն, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի մեկ տարածք, չորս հատ հողամաս եւ երկու հատ «Lexus LX 570», մոսկվիչ 21412 մակնիշի ավտոմեքենաներ: Բացի այս՝ մոսկվիչով քաղաքապետն ունի 9 մլն դրամ եւ 55 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 112 հազար դրամ եւ ստացած 10 հազար դոլարի չափով նվերը: Թե ումից է ստացել նա դոլարով նվերը, պաշտոնական փաստաթղթում նշված չկա:

 

 

ԸՆԴԴԵՄ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱՅԻ»
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության պատճառով անհարմար վիճակում հայտնված ընկերությունները որոշել են հարցերը պարզել դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 3-ին «Դելտա Քոնսթրաքշն» ՍՊԸ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ից պահանջում է փոխհատուցել կրած վնասը: «Դելտա Քոնսթրաքշն»-ի կրած վնասը կազմում է 240 հազար դրամ:
Այսպիսով՝ ստեղծվել է այնպիսի վիճակ, որ ընկերությունները պատահարների դեպքում հույսը դնում են ապահովագրական ընկերության վրա, բայց ընկերությունը նրանց չի փոխհատուցում կրած վնասի համար, ընդ որում, միայն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը չէ, որ այդպես է վարվում:

 

 

ԲՈՂՈՔԵԼ ԵՆ
Կառավարության անդամներին դուր չի գալիս այն հանգամանքը, որ գործադիրի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո լրագրողները շրջապատում են նրանց եւ սկսում հարցեր ուղղել: Նախարարները բողոքել են կառավարությանը, եւ որոշում է կայացվել ոսկե միջին ընտրել: Ըստ այդմ, նախատեսվում է կառավարության ներսում ցուցատախտակ եւ ամբիոն տեղադրել, որպեսզի լրագրողների հարցերի դեպքում նրանք այնտեղ պատասխանեն հարցերին: Սակայն այս նախաձեռնությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս. բոլորս ենք յուրաքանչյուր նիստին ականատես լինում, որ նախարարներից շատերը խուսափելով հարցերին պատասխանելուց՝ ուղղակի փախչում են լրագրողներից. այդ դեպքում ինչպես պետք է նրանք գան, կանգնեն ցուցատախտակի մոտ ու խոսեն: Էլ չենք խոսում այն հանգամանքի մասին, որ միգուցե բոլոր լրագրողներից ընդամենը մեկն իրեն հարց ունի: Ուրեմն ի՞նչ, չպետք է պատասխանի՞: Ինչպես հայտնի է՝ այդպիսի մի ցուցատախտակ առկա է նաեւ խորհրդարանում, սակայն միեւնույն է՝ փախչող պատգամավորը շարունակում է փախչել ինչպես վերջին անպատասխանատու:

 




Լրահոս