«БОЙ БЕЗ ПРАВИЛ-Ի ՆՄԱՆ ԲՈՅ ԷՐ ԳՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում կրքերը թեժ էին: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մի քանի անգամ իր ելույթում անդրադարձել էր Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին: Նա էլ ամբիոնից հայտարարել էր, որ դադարեցնի իրեն հիշատակել. «Չափդ մի՛ կորցրու»:

Սակայն այսքանով Աժ դահլիճում երկու պատգամավորների լեզվակռիվը չի ավարտվել: Երբ Արտաշես Գեղամյանը լքել է դահլիճը, կարճ ժամանակ անց դահլիճից դուրս է եկել նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Երկու պատգամավորները միջանցքում հանդիպել են, նրանց միջեւ խոսակցությունը ավարտվել է բռունցքներով:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համացանցի իր էջում տեղեկացրել է, թե պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքով հարվածել է իրեն, իսկ ինքը կարողացել է պաշտպանվել եւ կոշիկները փայլեցնել նրանով։
Իսկ ահա Արտաշես Գեղամյանը հերքել էր տեղեկությունը՝ ասելով, որ եթե ինքը հարվածած լիներ, Նիկոլ Փաշինյանը կլիներ հիվանդանոցում. «Ընդունենք՝ միջադեպ ա, եղել ա, չորս տարի էդ մարդու հետ հլը աշխատելու ենք, ինչի՞ եք բորբոքում։ Եթե ես որեւէ մեկի նկատմամբ բռունցքներով հարձակում գործեի, հավատացնում եմ ձեզ, այդ անձը հիվանդանոցում կհայտնվեր։ Ուրիշ բան, այո՛, ցավով եմ ասում, կարդացել եմ, որ իմ հագուստի վրա կոշիկներ են փայլեցրել։ Ցավում եմ դրա համար»:
Տեղեկացնենք, որ կատարվածին ականատես են եղել նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը եւ ԱԺ անվտանգության աշխատակիցներից մեկը, որոնք փորձել են բաժանել միմյանց հետ վիճող պատգամավորներին։ Սակայն Նապոլեոն Ազիզյանը հայտարարել է.«Ես էնդեղ չեմ եղել, չեմ տեսել։ Ես գնացել եմ էն ժամանակ, երբ ավարտված էր»:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց այդ միջադեպին ծայրից ծայր ականատես եղած օրենսդիրներից մեկի հետ, որը, սակայն, խնդրեց իր անունը դեռ չհրապարակել: Նա պատմեց, թե ինչպես են զարգացել իրադարձությունները. «Արշատես Գեղամյանը, երբ ԱԺ դահլիճից դուրս եկավ, միջանցքում գործընկերներից մեկի մոտ անկեղծացել է, թե ապեր, իմ մասին երբ խոսում են դահլիճում, կաշկանդվում եմ, բայց դրանց որտեղ բռնել եմ, մի մութ տեղ, սպանելու եմ, ընենց եմ ծեծելու, շան սատակ անելու: Մեկ էլ էդ րոպեին էն Ավետիս Բաբաջանյանը (խոսքը լրագրող Ավետիս Բաբաջանյանի մասին է) ասեց, թե հեն ա Նիկոլը, եկավ բուֆետի կողմ: Գեղամյանը հետ ֆռաց ու շտապեց նրա հետեւից: Մի հատ տվեց Նիկոլին, Նիկոլը թեքվեց՝ վայ արա, էս ինչ ես անում, ուզում էս ձեռ-մեռ քցես: Մեկ էլ Գեղամյանը՝ քացով…: էդ ոնց էր գալիս, թռնում ոտով… լավ է չընգավ, մեծ մարդ էր …: Առանց կատակի, մի 5 -6 րոպե իրար է՛լ բոքս, է՛լ ճլոտի, է՛լ քացով, էն որ հիմա բոքսեր են ցույց տալիս՝ բոյ բեզ պրավիլ, այ, այդպես բոյ էր գնում: Նիկոլն էլ ակտիվ պատասխան հարվածներ էր հասցնում՝ ոտով, ձեռքերով»:
Հավելենք, որ միջադեպից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը զրուցել են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետեւ իրենց մոտ են կանչել Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանին: Թե զրույցը ինչ հետեւանք կունենա, կհարթվեն արդյոք երկու օրենսդիրների հարաբերությունները, ժամանակը ցույց կտա:
Խնդրի շուրջ հայտարարությամբ էր հանդես եկել «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ հայտարարելով, թե որոշման նախագիծ են ներկայացնելու՝ ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Հավելենք, որ միջադեպից ժամեր անց Աժ միջանցքում դեռ հատակին թափված էին մնացել Արտաշես Գեղամյանի թղթերը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱԱԾ ՏԵՍՈՒՉԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Տեւական ժամանակ է, ինչ հրապարակվում է ապօրինի կերպով սահմանը հատելու դեպքերի մասին, թե ովքեր եւ ինչ հանգամանքներում են կարողանում ապօրինի հատել ՀՀ սահմանը, գալ Հայաստան: Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ շատ դեպքերում իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող անձինք են սահմանը հատում, եւ հարցեր է առաջանում, թե ում թեթեւ ձեռքով են նրանք կարողանում անօրինական ճանապարհով լքել երկիրը:
Ու պարզվում է՝ պաշտոնատար անձանց միջամտությամբ շատերն էլ երկրից դուրս են գնում՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Իսկ հիմա կոնկրետ փաստերով:«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Օթար Խալոյի Նաբոեւին եղել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Տաշիրի բաժանմունքի պետը եւ ծանոթ է եղել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի «Գոգավան» սահմանապահ վերահսկիչ բաժնի ավագ հսկիչ Եղիշե Սուքիասյանի հետ: Եւ ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ 2017 թվականի ընթացքում կազմակերպել են տարբեր անձանց ապօրինի սահմանահատումները ՀՀ տարածքից Վրաստան:
Սակայն նկատենք, որ այս գործարքը գլուխ բերելու համար վերջիններիս օգնել են Վրաստանի քաղաքացի Էդգար Թանդարիանին, ՀՀ քաղաքացի Մանվել Հայրապետյանը, Վրաստանի եւ ՀՀ քաղաքացի Լյովա Պապինյանը:
Ավելին՝ նախաքննությունը իրականացնող մարմինը բացահայտել է, թե վերոնշյալ «բանդան» քանի հոգուց է բաղկացած եղել, որոնք էլ օժանդակել են մի խումբ մարդկանց ապօրինի ճանապարհով ՀՀ սահմանը հատելու դեպքերը:
Օրինակ՝ Մանվել Հայրապետյանը, Սլավիկ Հովհաննիսյանը վերոնշյալ պաշտոնատար անձանց հետ համատեղ օժանդակել են, որ ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Ադամյանը եւ Լյովա Պապինյանը ապօրինի կերպով հատեն ՀՀ պահպանվող պետական սահմանը:
Վարդան Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016 թվականին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ օժանդակել է Քյամալ Քալաշյանի՝ առանց պատշաճ թույլտվության, ՀՀ պահպանվող պետական սահմանի ապօրինի հատմանը:
Ասել է, թե պաշտոնատար անձինք 10 հոգանոց խումբ են ստեղծել եւ կազմակերպել են մի շարք անձանց ապօրինի հատումը Հայաստանից: Այս գործով 4 անձ գտնվում է կալանքի տակ, իսկ ահա 6 հոգու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ իրավապահները պաշտոնատար անձանց մասնակցությամբ «բանդա» են ստեղծել եւ կազմակերպել են մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի կերպով Հայաստանը լքելը:
Դատելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ իշխանությունները լուրջ անելիքներ ունեն սահմանային հսկողություն իրականացնող պաշտանատար անձանց գործողությունները վերահսկելու մասով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՉԻ ԼՍԵԼ
ՀՀ կառավարության որոշմամբ համապատասխան փոփոխություններ կատարվեցին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում, համաձայն որի՝ աշխատակազմում ստեղծվել է զբոսաշրջության զարգացման գործառույթներ իրականացնող բաժին: Այն գործում է միջազգային համագործակցության եւ զարգացման ծրագրերի վարչության կազմում: Կառավարությունը որոշել է մարզպետարանների աշխատակազմերի կառուցվածքում ընդգծել զբոսաշրջության բնագավառը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է. «Մենք առաջարկում ենք, որ մարզպետարանների կառուցվածքում փոփոխություն իրականացվի, եւ համապատասխան վարչությունը, որը ծրագրերի կազմման եւ վերլուծության բաժինն է, ունենա «զբոսաշրջություն» բառն իր անվանման մեջ»: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շեշտել է. «Մենք ոչ միայն դեկորատիվ անվանումն ենք փոփոխում, մենք նաեւ փոխում ենք այդ վարչության բաղադրիչը, չէ՞»: Նախարարն էլ արձագանքել է. «Միանշանակ, պարո՛ն վարչապետ: Դուք չլսեցիք, մենք նշեցինք»:

 

 

ՎԱՎԵՐԱՑՎԵԼ Է
Հայաստանի Ազգային ժողովը երեկ միաձայն վավերացրել է Հորդանանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերը: «ՀՀ կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 94 պատգամավոր: «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 92 պատգամավոր:

 

 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ
ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի փոխանցմամբ՝ սուր շնչառական հիվանդությունների դեպքերի աճ է գրանցվել Հայաստանում: Հիվանդությանը նպաստող առաջին կարեւոր գործոններից է ջերմաստիճանի կտրուկ նվազումը: «Սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ քանակով դեպքեր են գրանցվել: Սակայն այս շնչառական հիվանդությունը գրիպ չէ: Գրիպին բնորոշ է շատ ավելի ծանր ընթացք»,- ասել է Ա. Ասոյանն ու հավելել, որ սուր շնչառական հիվանդությունների նման սրացում ամեն տարի այս եղանակին լինում է: Ինֆեկցիոնիստի խոսքով՝ սուր շնչառական վարակներն ավելի շատ հանդիպում են երեխաների դեպքում: Հիվանդությունը տարածվում է դպրոցներում եւ մանկապարտեզներում, որտեղ երեխաների շփումը շատ է: Հիվանդությունն արտահայտվում է ջերմությամբ, հազով, քթահոսությամբ, երբեմն նաեւ անգինայով: Ապաքինման համար անհրաժեշտ է 3-4 օր:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Մասիսում իր սեփական տանը կինը փորձել է ինքնասպանություն գործել: Նրան հայտնաբերել են հարեւանները: Կինը ժավելի սպիրտ եւ օծանելիք է խմել: Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց, ապա «Արմենիա» բժշկական կենտրոն: Նշենք, որ հիվանդանոց տեղափոխված կինը 1979թ. ծնված քաղաքացի է: Պարզվել է, որ հոկտեմբերի 4-ին նա տանն ինքնասպանություն գործելու նպատակով օծանելիք, մաքրող հեղուկ ու ժավել է խմել: Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

 




Լրահոս