«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ ԱՆՈՂԻՆ ՍՏՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը Հայաստանում որակյալ հումորի պակասի, քաղաքական հումոր անողների զգուշավորության, հանրության շրջանում ամենաշատը ծիծաղ հարուցող թեմաներից զրուցել է հումորիստ, շոումեն Արման Գեւորգյանի հետ։

-Արմա՛ն, տեւական ժամանակ է՝ էկրաններին չեք երեւում, հետաքրքիր է՝ այժմ ինչո՞վ եք զբաղված։
-Հիմա ինքս կազմակերպում եւ վարում եմ կոորպորատիվ միջոցառումներ, բայց զուգահեռաբար չեմ կտրվում ոլորտից, հանդես եմ գալիս ֆիլմերում, ներկայացումներում։
-Իսկ սթենդ-ափ ժանրում ներկայանալու ցանկություն չունե՞ք։
-Որոշ ժամանակ հանդես եկա այդ ժանրում, հետո դադար վերցրեցի, երեւի թե հասկացա, որ այդ ուղղությունը մեզ մոտ դեռ «հում է»։ Գուցե հասնենք նրան, որ ժողովուրդն աստիճանաբար ընդունի սթենդ-ափը։ Ամեն դեպքում, ուրախ եմ, որ կան համառ հումորիստներ, որոնք շարունակում են իրենց գործունեությունը այդ ժանրում։ Բայց չեմ կարող չնկատել, որ Հայաստանում հումորն, առհասարակ, որակական առումով անկում է ապրել, հիմա հումորի ստեղծմանը շատ կարճ ժամանակ են հատկացնում, ընդ որում, աշխատում են ոչ թե սուր բովանդակության, այլ հանգավորման վրա։ Այսօր էկրաններին հաճախ հայտնվում են թույլ հումորիստներ, որոնք քիչ են կարդում, այնինչ նա, ով ինտելեկտ չունի, պարզապես չի կարող լավ հումոր անել, եթե անում էլ է, անհամ բան է ստացվում։ Մեր կյանքում ամեն բան թանկացել է, միայն հումորն է էժանացել։ Գոնե մի քանի տարի առաջվա մակարդակը կարողանայինք վերադարձնել…
-Ո՞ր թեմաներն են, որ հայ հասարակության կողմից բուռն կերպով ընդունվում են:
-Բոլոր ժամանակներում ծիծաղ է հարուցել չափի մեջ «պոշլի» հումորը, միշտ ակտուալ են նաեւ քաղաքական թեմաները։ Ժողովրդին հետաքրքրում են նաեւ իրենց առօրյային, կենցաղին առնչվող թեմաները։ Բայց այսօր հումորիստները հաճախ անցնում են բոլոր սահմանները՝ հասնելով գռեհկության շեմին։
-Բայց երբեմն այնպիսի տպավորություն է, որ քաղաքական հումորը Հայաստանում, այսպես ասած, զսպված է, այսինքն՝ հումորիստներն այդ առումով զգուշավորություն են ցուցաբերում։
-Իհարկե, եթե համեմատենք մեր հումորները ռուսական կամ ամերիկյան դաշտի հումորների հետ, կարող ենք նկատել, որ արտերկրում անհամեմատ ազատ են, քան մեզ մոտ։ Մեզ մոտ հումորիստները չեն ուզում այնպիսի հումոր անել, որից հետո իրենց հետեւից կգան, կծեծեն, կուտեն հում-հում (ծիծաղում է)։ Ամեն դեպքում, մերոնք իրենց ապահովագրում են նման իրավիճակներից։ Իսկ, օրինակ, Ռուսաստանում Պուտինը նախ կարող է ներկա լինել հումորային հաղորդումների, ծիծաղել իր մասին սուր հումորից, վերջում էլ պաչիկ անել հումորիստին։ Հիմա այդ պաչիկի պահը մեզ մոտ չկա։ Պաչիկ անելու փոխարեն հումոր անողին ստորացնում են, այդքանից հետո այդ մարդը ո՞նց կարող է քաղաքական թեմաներով կատակ անել, անելուց էլ ուշադիր են լինում, հանկարծ ճակատներին դիպուկահարի կարմիր լույսը չհայտնվի (ծիծաղում է)։ Այնինչ՝ բոլորն էլ կուզեին ազատ հարթակ ունենալ, որտեղից կկարողանային հանգիստ արտահայտվել։ Այսօր մեր առօրյայում այնքան խնդիրներ կան, որոնք ժողովուրդը լուծել չի կարողանում, ստիպված դրանց վերաբերվում է հումորով։ Ինչ անի, ուրիշ տարբերակ չունի, պետք է այդպես վարվի, որ նյարդերը հանգստացնի։ Թե չէ որ հայհոյում է, տեսնում է, որ դրանից բան չի փոխվում։
-Վերադառնանք որակյալ հումոր ունենալու անհրաժեշտությանը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է մեզ պակասում դրա համար։
-Կրկին պետք է շեշտեմ կրթված լինելու հանգամանքը։ Որքան կիրթ լինեն մեր հումորիստները, այնքան բարձր որակ կապահովեն իրենց աշխատանքում։ Ասում են՝ մենք հետեւում ենք ժողովրդի պահանջներին։ Բայց եթե ժողովրդին լավը տաս, լավն էլ կվերցնի, լավն էլ կպահանջի։ Ինչո՞ւ է ոմանց թվում, թե մեր ժողովրդի մակարդակն այդքան ցածր է։ Չկա նման բան։ Այնպես որ, միակ ելքը կրթվելն է։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՏԱՐԻՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԵՐ ՄԻՋԵՎ ՈՉԻՆՉ ՉՍՏԱՑՎԵՑ»

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայտնիների անձնական կյանքի՝ գաղտնի պահած մանրամասներին, պատմում ենք հետաքրքիր, հուզիչ դրվագներ։ Մեր զրուցակիցներն անկեղծանում են՝ առաջին սիրո հետ կապված ինչն է, որ չեն կարողանում մոռանալ, ինչի համար են ափսոսում եւ ինչ կցանկանային վերադարձնել։ Այս անգամ մեր զրուցակիցը երգահան, գործիքավորող ԴերՀովան է՝ Հարություն Տեր-Հովակիմյանը։

«Առաջին անգամ լուրջ սիրահարվել եմ 20-21 տարեկանում։ Այդ ժամանակ ես Կանադայում էի։ Սկզբում մեր միջեւ շատ ջերմ հարաբերություններ էին, բայց հետո հասկացա, որ ապագա, հեռանկար ունենալ չենք կարող։ Տարիքային մեծ տարբերության պատճառով մեր միջեւ ոչինչ չստացվեց։ Ու թեեւ առաջինը հեռացա ես, մեր միջեւ շարունակվեցին ջերմ հարաբերություններ պահպանվել։ Հիմա էլ, եթե, օրինակ, պատահաբար տեսնեմ նրան, սիրով կբարեւեմ եւ կհարցնեմ որպիսությունը»,-ասաց երգահանը։
Տարիներ առաջ ԴերՀովան Կանադայում բավական ակտիվ գործունեություն է ծավալել, եղել է երաժշտական խմբի կազմում, իսկ այն աղջիկը, որը գերել էր երգահանի սիրտը, եղել է խմբի հավատարիմ երկրպագուն.«Թեեւ նա մեր ոլորտից չէր, բայց լավ տեղյակ էր բոլոր իրադարձություններից, ակտիվ կերպով մասնակցում էր համերգներին։ Այդ շփումները հնարավոր չէ մոռանալ»,-պատմեց ԴերՀովան։
Երգահանի համար, սակայն, բավական ցավալի է եղել այն հանգամանքը, որ իր նախկին ընկերուհին բաժանումից հետո սկսել է ընկերություն անել իր բարեկամներից մեկի հետ. «Հետաքրքիրն այն էր, որ այդ հարաբերությունները եւս կարճ տեւեցին, եւ ճակատագրի բերումով այդպես էլ ընթացք չստացան»,-նկատեց երգահանը։
Դրանից հետո ԴերՀովան էլի է սիրահարվել, սակայն հարաբերություններն այնքան լուրջ չեն եղել, որ մտածեր դրանք օրինականացնելու մասին.«Ամեն դեպքում՝ այն կարծիքին չեմ, որ առաջին սերը երբեք չի մոռացվում, ես այդքան էլ չեմ կարեւորում առաջին սեր հասկացությունը»,-հավելեց երգահանը։
Նա նաեւ նշեց, որ հաճախ սիրահարվողներից չէ, միասեր է։ Իսկ կարգավիճակի փոփոխության մասին երգահանի պատկերացումները չեն համապատասխանում հայկական ավանդական մոտեցումներին. «Ես չեմ մտածում՝ դրա ժամանակն է, թե ոչ։ Կամուսնանամ միայն այն ժամանակ, երբ կհանդիպեմ համապատասխան մարդուն»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 




Լրահոս