«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 17-ը հռչակել է Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր: Օրվա խորհրդին հետեւում են նաեւ Հայաստանի իշխանությունները՝ իբր հետեւողական ու կատաղի պայքար մղելով աղքատության դեմ: Բայց արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն: Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբում՝ 2008թ., աղքատությունը 27.6 տոկոս էր, ապա հիմա 30 տոկոս է կազմում:
Իշխանություններն, իհարկե, կփորձեն առարկել, թե 2012թ Հայաստանում աղքատության մակարդակը 32.4 տոկոս էր, երեք տարի անց նվազել է մի ամբողջ 2.6 տոկսով: Դեռ ավելին՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը խոստանում է 2017-2022 թվականներին աղքատության մակարդակը 12 տոկոսային կետով նվազեցնել եւ հասցնել 17.8 տոկոսի, իսկ Սերժ Սարգսյանն էլ խոստացել է, որ 2040 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմելու է 7-8 տոկոս: Բայց իշխանությունների կողմից նման խոստումներ միշտ են հնչել, միաժամանակ ներկայացվել են կոնկրետ ցուցանիշներ, որոնք նրանք այդպես էլ չեն ապահովել:
Ու այսօր պետք է փաստենք՝ երկրում ամեն երրորդ բնակիչն աղքատ է: Վերջին երկու տարում չեն բարձրացել թոշակները, նպաստները, աշխատավարձերը, փոխարենը շարունակական գնաճ է արձանագրվել: Այդ գումարները չեն բարձրանա նաեւ հաջորդ տարի, դեռ ավելին՝ 2018թ. պետական բյուջեով նախատեսված է կրճատել սոցիալական ոլորտի ծախսերը: Այնպես որ, իշխանություններն իրոք կատաղի պայքար են մղում աղքատության, ավելի ճիշտ՝ աղքատների դեմ»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: