Եթե ՀՀԿ թեկնածուն թելադրության մեջ 200-ից պակաս սխալ անի, կհանեմ թեկնածությունս. Գորիսի թեկնածու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խոշորացված Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՀՀԿ-ի կողմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Առուշ Առուշանյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում մրցելու է Գորիսի նախկին քաղաքապետ (1992-94թթ.), Գորիսի պետհամալսարանին կից Սյունիքի նյութական եւ հոգեւոր ժառանգության ծրագրի գիտաշխատող, ինքնառաջադրված անկուսակցական Սամվել Հարությունյանի հետ:

Առաջադրված մյուս թեկնածուին՝ «Մթնաձորշին» ՍՊԸ տնօրեն ՀՀԿ-ական Արշակ Մկրտչյանին, մեր տեղեկություններով, ԿԸՀ-ն հնարավոր է չգրանցի, քանի որ նրա փաստաթղթերի, ընտրագրավի հետ կապված խնդիր կա: Իսկ չորրորդ թեկնածուն՝ Առուշ Առուշանյանի ընկեր Էրիկ Աղաջանյանը, որոշել է պայքարից հրաժարվել ու ետ է վերցրել ԿԸՀ ներկայացված փաստաթղթերը: Գորիսեցիներն արդեն իսկ դրամատիկ ընտրապայքար են կանխատեսում: Ս. Հարությունյանը, հիշեցնենք, նախկինում ՀԱԿ անդամ էր, հետո լքեց այն՝ պատճառաբանելով, թե ՀԱԿ-ն իր գերխնդիրը չի կատարել, իսկ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ «Ազատ դեմոկրատների» կողմից թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու: Նույն ընտրատարածքում էր առաջադրվել նաեւ Ա. Առուշանյանը: Առաջինն ստացել էր 81, երկրորդը՝ 6 հազար 777 քվե:

– Պարոն Հարությունյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել նոյեմբերի 5-ի ընտրություններում, ի՞նչ նկատառումով, ո՞ւմ հորդորով կամ դրդմամբ:

– Գորիսում տագնապալի իրավիճակ է, եւ մտահոգությունն ու պատասխանատվության զգացումն ստիպեցին առաջադրվել: Երբեւէ անտարբեր չեմ եղել մեր ժողովրդի հոգս ու տառապանքի նկատմամբ: Առավել եւս՝ ներկա ծանրագույն վիճակը, որն առաջացել է Գորիսում, ինձ ստիպեց կրկին նետվել պայքարի ասպարեզ: Ես միշտ պատասխանատու եմ եղել եւ իմ ողջ կյանքի ընթացքում գտել եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է իրենից կախված առավելագույնն անի երկրում տիրող վիճակը փոխելու համար: Իմ կյանքով ես միշտ ապացուցել եմ, որ եղել եմ իմ կոչմանը հավատարիմ, եւ այսօր էլ կրկնում եմ՝ պատասխանատվության զգացումն է ինձ ստիպել նետվել պայքարի ասպարեզ ու առաջադրվել։ Ինչ վերաբերում է Առուշ Առուշանյանին, ապա ինչ-որ տեղ կարելի է ասել՝ այո, նրա թեկնածության առաջադրումով է պայմանավորված իմ առաջադրումը: Եթե լինեին արժանավոր թեկնածուներ, գուցե ես չառաջադրվեի: Բայց կարծում եմ՝ լուրջ անելիքներ ունեմ, բարեբախտաբար՝ մարդկային, քաղաքացիական եւ մտավորական որակներս, փորձառությունս, նաեւ կայտառ առողջությունս ինձ հնարավորություն են տալիս ակնկալելու շատ ակտիվ մասնակցություն ու հաղթելու ընտրություններում՝ ստանձնելով հավաքական Գորիսի առաջնորդի դժվարին առաքելությունը:

– Դուք կանխատեսեցիք ընտրությունների ելքը: Ի՞նչն է Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ հաղթելու եք՝ հաշվի առնելով այն, թե ովքեր են հովանավորում Ձեր մրցակցին:

– Այդ երիտասարդ եւ, գոնե, կառավարման առումով ոչ փորձառու գործչին առաջադրել է ՀՀԿ-ն՝ Սյունիքի տխրահռչակ մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ: Ոչ միայն առաջադրել է, այլեւ իրենից բազմապատիկ անգամ ավելի արժանավոր համայնքապետին շատ մարտնչող հետեւողականության արդյունքում ազատեց Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնից: Խոսքը Վաչագան Ադունցի մասին է, ով դպրոցը ոսկե մեդալով է ավարտել, գերազանցությամբ է ավարտել համալսարանը ու լուրջ փորձառություն ուներ:

Ադունցի փոխարեն որպես պաշտոնակատար է նշանակել Առուշանյանին, լծակները տվել նրա ձեռքը: Հայտնի է, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները բոլոր, առաջին հերթին՝ վարչական, ֆինանսական լծակներն օգտագործում են իրենց իշխանությունը հաստատելու եւ վերարտադրվելու համար: Բայց կարծում եմ, որ իմ առավելությունները հանրահայտ են ու այնքան շատ են, որ կօգնեն ընտրվել: Բարեբախտաբար, համախոհների այնպիսի թիմ ունեմ եւ կասկած չունեմ, որ շատ ակտիվ ընտրապայքար եմ տանելու, եւ, ինչպես արդեն հայտարարել եմ, Առուշ Առուշանյանին առաջադրողներն ու նշանակողները գորիսեցիների կողմից հուժկու հակահարվածի են արժանանալու եւ հայտնվելու են ծանր նոկաուտի մեջ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս