«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած գրիպի սեզոնն արդեն սկսվել է, Հայաստանում այդ վիրուսը դեռևս չի շրջանառվում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, այս տարի սեզոնին հատուկ է լինելու գրիպի AH1 տարատեսակը: Դա հայտնի «խոզագրիպն» է:
«Դեռևս մեզ մոտ հարուցիչներ շրջանառության մեջ չկան: Մեզ մոտ հիմնականում շրջանառում են այլ շնչառական վարակների հարուցիչներ: Դրանք են՝ ռինովիրուսներ, պարագրիպ և մետապնևմովիրուսներ: Դրանք հիմնականում առաջացնում են գրիպանման երևույթներ, ունեն հարաբերականորեն թեթև ընթացք»,- «ՀԺ»-ին ասել է ՀՀ առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Կապ չունի՝ որ ենթատեսակն է, գրիպն ունի նույն ախտանշանները, նույն արտահայտվածությունը և կախված օրգանիզմի վիճակից՝ կարող է լինել բարդություն, կարող է չլինել»,- նկատել է մասնագետը:
Նրա խոսքով, գրիպի հարուցիչներն ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում նոյեմբերից սկսած»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: