Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո ձեւավորված աշխատանքային խումբը կարծես թե վերջնական համաձայնության է եկել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը նշեց, որ աշխատանքային խումբը որոշում է կայացրել տեղադրել խաչքարը, սակայն միայն երեք տարի հետո:
Նրա խոսքով՝ դա կապված է եկեղեցու վերանորոգման աշխատանքների ավարտի հետ: Ինչպես հայտնի է՝ Գումբուրդո գյուղում բախում էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ բնակիչները ցանկացել էին եկեղեցու բակում խաչքար տեղադրել: Միջադեպից հետո ձեւավորված աշխատանքային խումբը երկար ժամանակ քննարկումներ էր անցկացնում, եւ ահա վերջնական որոշումը կարծես թե ընդունված է: Միայն թե դժվար է ասել՝ այն ինչպես կընդունվի գումբուրդցիների կողմից: