ԿԱՇԱՌՔԻ ԳՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2013թ. դեկտեմբերին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը դատական համակարգում կոռուպցիոն դրսեւորումների մասին հատուկ զեկույց էր հրապարակել՝ ներկայացնելով նաեւ կաշառքների «գնացուցակը»: Ըստ այդմ, առաջին ատյանի դատարաններում դատավճիռ կայացնում են 500-10.000 ԱՄՆ դոլարով, վերաքննիչ դատարաններում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլարով, իսկ բարձրագույն ատյանում՝ վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլարով: Զարմանալի զուգադիպությամբ՝ վերջին մեկ տարում կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալված դատավորների քրեական գործերում հենց այդ գումարներն են «շեշտվում»:

 

 

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, ըստ պաշտոնական մեղադրանքի, 1000 ԱՄՆ դոլար կաշառք էր վերցրել: Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը` 600 ԱՄՆ դոլար, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը` 2 հազար դոլար: Ու զարմանալին այն է, որ 4 տարի առաջ նախկին պաշտպանի ներկայացրած դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները չեն փոխվել՝ չնայած երկրում արձանագրված գնաճին:

 

 

 

Իշխանությունները հաճախ են խոսում Եվրասիական տնտեսական միության պոտենցիալն ամբողջովին օգտագործելու անհրաժեշտության մասին, երեկ էլ նման հայտարարություն արել էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով այդ մասին, նշել է. «Մենք միայն ճանապարհի սկզբում ենք, եւ ինչպես ասվեց ֆորումի ժամանակ՝ մենք դեռ չենք հաղթահարել բոլոր խոչընդոտներն առեւտրի հարցում: Մենք գտնվում ենք ճանապարհի սկզբում նաեւ երրորդ երկրների կամ այլ միությունների հետ հարաբերությունները զարգացնելու առումով»:

 

 

 

Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ բողոքի նոր ալիք է հասունանում: Բանն այն է, որ առողջապահության նախարարությունը, որը խոստացել էր բանակցել «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ հետ` սակագների վերանայման հարցով, չի իրականացել խոստումը, փոխարենը որոշվել է ֆինանսական այդ բեռը դնել ՀՀ պետական բյուջեի վրա՝ «այդպես ստացվեց»: ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում փորձել է արդարանալ. «Հիմա գները իջեցնելու մասին խոսքը չէր գնում: Խոսքը գնում էր այն մասին, թե ինչպես անենք, որ ճնշումը առողջապահական կազմակերպությունների բյուջեի վրա նվազեցնենք: Եւ մեթոդներ գտնվել են սուբսիդիաների միջոցով»: Սուբսիդիաներն էլ, հասկանում եք, տրվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Կարեւորը անհայտ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ չնեղանա:

 

 

 

Հայաստանի պետական պարտքն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Եւ ահա, երեկ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 6 մլրդ 308 միլինոն դոլար` մեկ ամսվա ընթացքում ավելանալով 48.1 մլն, իսկ տարեսկզբի համեմատ` 365.9 մլն դոլարով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այդ գումարից 5 մլրդ 696.6 մլն դոլարը կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 456.5 դոլարը` արտաքին պարտքը: Մինչ այդ նկատենք, որ կառավարությունը ծրագրել է մինչեւ տարեվերջ է՛լ ավելի շատացնել պետական պարտքը՝ մոտեցնելով օրենքով ՀՆԱ 60 տոկոսի շեմի արգելքին:

 

 

 

ՎԵՐՋԱՊԵՍ ԿՀԱՆԴԻՊԵՆ
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը տեւական ընդմիջումից հետո հանդիպելու եւ ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն են հայտնել: Այդ հանդիպումը կազմակերպելու նպատակով տարածաշրջանային այցով երեկ Երեւանում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. այստեղ նրանք հանդիպել են Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այսօր արդեն նրանք կմեկնեն Բաքու` այնտեղ հանդիպելու Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մամեդյարովի հետ:
Համանախագահների` երեւանյան հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրությունները բավական աղքատիկ էին: Նախագահականը տեղեկացրել էր, որ Ս. Սարգսյանը համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում` Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին եւ կարեւորել խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը: Իսկ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված էր, թե Նալբանդյանը համանախագահների հետ հանդիպման ժամանակ շարունակել է երկու երկրների ղեկավարների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները, եւ մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում իրավիճակի շուրջ: Երեկ նաեւ Իլհամ Ալիեւն է խոսել Սարգսյանի հետ հանդիպման հնարավորությունների մասին. «Մեզ թվում է՝ Հայաստանը վերադառնում է բանակցային գործընթաց, եւ դա շատ կարեւոր հարց է»,- նշել է նա:
Չնայած հանդիպման երկուստեք պատրաստակամությանը՝ որեւէ մեկը չի մանրամասնում` երբ եւ որտեղ է կայանալու Սարգսյան-Ալիեւ բանակցությունների հերթական փուլը: Միայն կարելի է ենթադրել, որ հանդիպումը տեղի կունենա մինչեւ տարեվերջ, քանի որ միջազգային հանրությունը կարծես թե շահագրգռված է բանակցային գործընթացում դրական տեղաշարժեր արձանագրելու հարցում, հետեւաբար փորձելու է արագացնել գործընթացը՝ նաեւ հաշվի առնելով փաստը, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտին քիչ ժամանակ է մնացել:
Մինչ այդ նկատենք` նույն Սերժ Սարգսյանը դեռ հուլիսին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում հայտարարել էր, թե առանձնապես ակնկալիքներ չունի Ալիեւի հետ հանդիպումից, բայց հանդիպում է, քանի որ «…մենք դեմ չենք որեւէ հանդիպման եւ մշտապես պատրաստ ենք հանդիպելու»,- ասել էր նա: Համաձայնեք՝ որքան էլ նման հանդիպումներն առաջին հայացքից թվան անարդյունավետ, միեւնույն է՝ դրանք անհրաժեշտ են, քանի որ բանակցությունների այլընտրանքը ռազմական գործողությունների վերսկսումն է, ինչը անթույլատրելի է:

 




Լրահոս