ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՊՏՏՎՈՂ ԿԱՇԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե ՀՀ իշխանությունները եւ իրավապահ համակարգը ժամանակին ականջալուր լինեին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, միգուցե դատական համակարգում կոռուպցիոն դրսեւորումների հետեւանքով այսքան դատավոր չհայտնվեր մեղադրյալի աթոռին: Պարզվում է՝ 4 տարի առաջ հրապարակված զեկույցից դատավորները դասեր չքաղեցին:

2013թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ զեկույց հրապարակեց` ներկայացնելով դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները: Ըստ զեկույցի՝ հարցումների արդյունքում պարզվել են դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներ: «Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների դեմ: Տարբերակ 2. դատավորը ավելի մեծ գումար է պահանջում՝ իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջեւ»:
Ըստ օմբուդսմենի զեկույցի` առաջին ատյանի դատարաններում 500-10.000 ԱՄՆ դոլարով են վճիռ կայացնում, վերաքննիչ դատարաններում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլարով, իսկ բարձրագույն ատյանում՝ վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլարով:
Այս աղմկալի հայտարարությունից հետո դատական համակարգը կոնկրետ փաստեր էր ուզում, իսկ ՄԻՊ լռում էր՝ նշելով, որ անուններ չի կարող տալ: Թվում էր, թե այս հայտարարությունը ինչ-որ կերպ պետք է զսպեր դատավորների ախորժակը, հնարավորինս զերծ պահեր գործարքների գնալու գայթակղությունից, բայց իրավիճակը նույնը մնաց:
Ստորեւ ներկայացնում ենք միայն այս տարվա մեջ կաշառքի գործով մեղադրվող դատավորների ցանկը:
2017 թվականին ՀՀ տարբեր իրավասության դատարաններ են ուղարկվել դատավորների կողմից կաշառք վերցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործեր, որոնցով դեռեւս քննությունները շարունակվում են: Իհարկե, գործով մեղադրյալ դատավորները ցուցմունք չեն տալիս եւ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, բայց այն թվերը, որոնք որպես կաշառք ներառված են գործում, համընկնում են նախկին օմբուդսմենի կողմից հրապարակված թվերի հետ:
Մասնավորապես 2016 թվականի հոկտեմբերի 28-ին ազգային անվտանգության ծառայության կողմից կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:
Ըստ պաշտոնական մեղադրանքի՝ նա 1000 ԱՄՆ դոլար կաշառք էր վերցրել:
2017 թվականի մայիսի 11-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ձերբակալվեց դատավոր Լեւոն Արազյանը, ըստ պաշտոնական մեղադրանքի՝ նա քաղաքացիներից մեկի օգտին վճիռ կայացնելու համար քաղաքացուց ստացել էր 600 ԱՄՆ դոլար կաշառք:
2017 թվականի մայիսի 11-ին ձերբակալվել էին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը:
Ըստ պաշտոնական մեղադրանքի՝ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը քաղաքացիներից մեկի օգտին վճիռ կայացնելու համար ստացել է 23.000 ԱՄՆ դոլար կաշառք: Այսքան մեծ գումար, քանի որ նա խոստացել է վերադաս դատարաններում կարգավորել հարցերը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը մեկ այլ գործով ցանկալի վճիռ կայացնելու համար ստացել են մոտ 2000 դոլար:
Այսպիսով՝ դեռեւս 4 տարի առաջ նախկին պաշտպանի ներկայացրած դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները չեն փոխվել, դրանք արտացոլում են այսօրվա իրականությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՏԵՂԱՇԱՐԺ ՉԿԱ
2017 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Եռաբլուրում, անդրադառնալով քրեական հեղինակությունների մասնակցությամբ աղմկալի սպանությունների թեմային, ասել էր, թե. «Ոստիկանությունը աչք չի փակում, չբացահայտվող դեպքեր չկան: Երկու դեպքեր են` մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, շուտ կբռնենք»: Ու մինչ ոստիկանապետը վստահեցնոմ է, թե աղմկահարույց գործերը բացահայտվել են, եւ հանցագործներին կբռնեն, սայլը տեղից չի շարժվում: Մասնավորապես հնչեղություն ունեցող այդ սպանությունների գործով որեւէ տեղաշարժ չկա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցում սպանվեցին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմ ընկերները: Շուտով կլրանա սպանությունների մեկ ամիսը, սակայն կատարվածը դեռ բացահայտված չէ, եւ մինչ օրս որեւէ մեկը ձերբակալված չէ: Սեպտեմբերի 14-ին էլ Վերնիսաժում կրակոցներ հնչեցին, սպանվեց քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի մտերիմ ընկերը՝ Գագիկ Մոսիկյանը: Այս կրակոցներով էլ երեք անձի նկատմամբ հետախուզում հայտարարվեց, սակայն դեռես բռնել են մեկին: 22 օր է անցել, սակայն մյուս հետախուզվողներին դեռեւս չեն բռնել:
 

 

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԹԻԿԻ ՔԿՀ-ՈՒՄ
Արթիկի ՔԿՀ-ի դատապարտյալները բռնություն են գործադրել անվտանգության աշխատակիցների նկատմամբ՝ ցանկանալով այդ քայլով ՔԿՀ-ում կռիվ հրահրել, խաթարել ՔԿՀ-ի բնականոն աշխատանքը: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներ Գեւորգ Սահակյանին, Էլո Թամոյանին, Գոռ Աջամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Հ. Կարախանյանի, Խ. Վարդանյանի, Ա. Աբգարյանի եւ Է. Կյուրեղյանի նկատմամբ բռնություն են կիրառել՝ ցանկանալով ՔԿՀ-ի ներսում հրահրոցներ իրականացնել` այդ կերպ խաթարելով այնտեղի բնականոն աշխատանքը: Նշենք, որ դատապարտյալների փորձերը անցել են ապարդյուն, քանի որ անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանխել հնարավոր բունտը:

 

 

 

ՄՏԵԼ ԵՆ ԲՆԱԿԱՐԱՆ
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Սյուզան Սիմոնյանը երեկ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Ծառայությունների 37-թ. հարիր գործելաոճը շարունակում է հիմնավորապես հաստատվել Հայաստանում: Անհայտ անձինք փորձել են ներթափանցել Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան, երբ ընտանիքի անդամները քնած են եղել: Բնակարանի մուտքի դռան կողպեքի պտուտակները Վարուժան Ավետիսյանի ընտանիքի անդամները քանդած են հայտնաբերել առավոտյան: Ծառայությունները, ամենայն հավանականությամբ, տեղեկատվական քաղց են ապրում եւ նպատակ են հետապնդել ներթափանցել բնակարան, տեղեկություններ հայթայթել եւ ձեռք բերել «Սասնա ծուռ» Վարուժան Ավետիսյանի նամակներից կամ փաստաթղթերից եւ տեսանկարահանող կամ գաղտնալսող սարքեր տեղադրել»:

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԹՈՂ Է ԵՂԵԼ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող է եղել: «Անձնական պատճառներով այսօր ես որոշեցի այլեւս չզբաղեցնել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը»,-նշել է նա: ԵԽԽՎ-ի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք է կայանար Ագրամունտի պաշտոնական հեռացումը քվեարկության միջոցով: Ավելի վաղ այն ընտրովի պաշտոնից հեռացման հնարավորություն չէր նախատեսում: Հունիսից ԵԽԽՎ-ի նախագահի գործառույթները կատարվում են կազմակերպության 19 փոխնախագահների կողմից: Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել էր ԵԽԽՎ-ի ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղեւորության համար, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սէֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով երեկվա դատական նիստին դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժել է 7 օր հացադուլի մեջ գտնվող ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպանի 3 միջնորդությունները: Այս մասին հայտնել է Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: «Այսօր դատական նիստին ներկայացրել են նրա 3 պահանջները, միջնորդություն է ներկայացվել դատարան, որը մերժվել է»,-ասել է Պապիկյանը: Ինչ վերաբերում է Ն. Պողոսյանի առողջական վիճակին, Պապիկյանը նշել է, որ նա գլխացավերից է գանգատվում եւ ճնշման տատանումներ ունի, այլ առողջական գանգատների մասին չի հայտնել:

 




Լրահոս