ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԻՄԱՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի կառավարող վերնախավում նոր սկանդալ է ծագել, որը նորից կապվում է նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա անմիջական շրջապատի հետ: Կրկին հրահրողը ամերիկյան լրատվամիջոցներն են, իսկ նախագահական վարչակազմը հայտնվել է պաշտպանվողի դերում: Հետաքրքիր է, որ գաղտնազերծված պատմությունը վերաբերում է շատ ավելի վաղ շրջանին, սակայն մատնում է ԱՄՆ գործադիր իշխանության ներսում տիրող իրերի իրական դրությունը: Ըստ այդմ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը մտադրված է եղել լքել իր պաշտոնը՝ նախագահի հետ ունեցած լուրջ հակասությունների պատճառով:

Ամերիկյան NBC News լրատվականը նախօրեին հանդես է եկել հրապարակմամբ, համաձայն որի՝ ամռանը պետքարտուղար Թիլլերսոնը լրջորեն մտածել է հրաժարական տալու մասին: Դրա պատճառը պետքարտուղարության եւ Սպիտակ տան միջեւ հարաբերությունների լարվածությունն է եղել, ինչպես նաեւ կոնկրետ ընթացակարգային հիմնահարցերի շուրջ անհամաձայնությունը: Իրավիճակը սրվել էր հուլիսին Թրամփի ունեցած մի ելույթի պատճառով, երբ նախագահը սպորտային միջոցառումը վերածել էր քաղաքական ցերեկույթի եւ խորացել իր հակառակորդներին խստագույնս քննադատելու մեջ: Ըստ լրատվականի՝ մի շարք պաշտոնյաների ներկայությամբ գնահատելով նախագահի վարքն ու ելույթը՝ Թիլլերսոնը նրան անվանել է հիմար: Այնուհետ Թիլլերսոնը ցանկացել է նույնիսկ հրաժարական տալ, որին այդ մտքից հեռացրել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Ի դեպ, վերջինիս խորհուրդները մի շարք առանցքային պաշտոնյաների հրաժարականները կանխելու գործում, ըստ ամերիկյան լրատվականների, պարբերական բնույթ են կրում: Վաղուց է խոսվում, որ բազմաթիվ արհեստավարժ մասնագետներ մնում են իրենց պաշտոններում մեծ մասամբ Փենսի համոզումների արդյունքում: Թերեւս այդ շարքում է նաեւ պետքարտուղար Թիլլերսոնը, որը, սակայն, անմիջապես հերքել է վերոնշյալ պատմությունը:
Հանդես գալով պաշտոնական արձագանքով՝ Թիլլերսոնը հայտարարել է, որ ինքը երբեւէ մտադրություն չի ունեցել լքելու իր պաշտոնը եւ այդ հարցով անգամ քննարկումներ չի անցկացրել փոխնախագահի հետ: Նա շտապել է գովաբանել նախագահ Թրամփին՝ նկատելով, որ իրեն մեծ հաճույք է պատճառում նրա հետ աշխատանքը: Ըստ պետքարտուղարի՝ Թրամփի հետ հարաբերությունները չափազանց ջերմ են ու գործընկերային եւ աշխատանքային գործունեության արդյունքում իր համար նոր բացահայտումներ է արել: Նրա համոզմամբ՝ նախագահն ԱՄՆ-ն ամեն ինչից վեր է դասում ու ցանկացած հարցում ընդգծում է ամերիկյան շահերի առաջնայնությունը: Այդուհանդերձ, Թիլլերսոնը ի մասնավորի խուսափել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք Թրամփին անվանել է հիմար: Լրագրողի ուղիղ հարցին պետքարտուղարը ընդհանրական արձանագրում է կատարել՝ շեշտելով, որ անհեթեթ թեմաներով չի խոսում: Ի դեպ, իր տարերքի մեջ չէր լինի նաեւ նախագահ Թրամփը, եթե իրավիճակի կապակցությամբ թվիթերյան մեկնաբանություններ չշռայլեր: NBCnews-ին անվանելով կեղծ լուրեր տարածող՝ նա հայտարարել է, որ լրատվականը պարտավոր է ներողություն խնդրել փոխնախագահից ու պետքարտուղարից ստահոդ հոդվածի համար:
Ըստ լրատվականի հրապարակած հոդվածի՝ Թիլլերսոնի հիմնական խնդիրը Թրամփի ու վարչակազմում նրա պես մտածող գործիչների վերաբերունքն է Հյուսիսային Կորեայի հարցին: Պարզվում է, որ Թիլլերսոնը բավականին լուրջ վեճ է ունեցել Թրամփի՝ ազգային անվտանգության գծով հատուկ խորհրդականի հետ: Վերջինս պատկանում է Հս. Կորեայի հարցը ռազմական ճանապարհով լուծելու թեւին, եւ բնական է, որ դիվանագիտական ճանապարհը նախընտրող Թիլլերսոնը սկզբունքային անհամաձայնություններ ունի այս հարցում: Ի դեպ, այդ շրջանում էր, որ Թրամփը թվիթերում կոչ էր արել իր պետքարտուղարին անիմաստ ժամանակ չվատնել Հս. Կորեայի «հրթիռային մարդուկի» վրա, քանզի այդ հարցը լրիվ այլ լուծում ունի: Թրամփը շեշտել է, որ նախկին նախագահները ձախողվել են այս հարցում, իսկ ինքը հաստատապես հաջողելու է:
Հայաստանում ԱԳ նախարարի ու նախագահի միջեւ հակասությունների թերեւս առաջին ու վերջին դրվագը 1992թ. Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականն էր: Դրանից հետո ԱԳ նախարարները մշտապես պահպանել են իրենց ներդաշնակ հարաբերությունները անմիջական ղեկավարների հետ: Հիշարժան է Վ. Օսկանյանի դեպքը, որը, 10 տարի հնազանդորեն կատարելով Ռ. Քոչարյանի՝ ԱԳ նախարարի պարտականությունները՝ 2008թ. ստիպված եղավ լքել այդ պաշտոնը: Սերժ Սարգսյանը Օսկանյանին հասկացրել էր, որ ԱԳ նախարար մնալու մասին նա չէր էլ կարող մտածել՝ առաջարկելով իր խորհրդականի «թոշակառու» կարգավիճակը, ինչին էլ չհամաձայնեց արդեն Օսկանյանը: Այնուհետ Սարգսյանը ԱԳ նախարար նշանակեց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանին՝ խորհրդային դիվանագիտական դպրոցն անցած մարդու, որը Սերժ Սարգսյանի հետ հակասություններ կարծես երբեք չի ունեցել: Թերեւս այս մասին միակ սպրդած տեղեկությունը վերաբերում է հայ-թուրքական սարգսյանական «ֆուտբոլին», որի շուրջ ամերիկացիների հետ գաղտնի զրույցի ժամանակ Նալբանդյանն առանձնացել էր իր հստակ անտարբեր կեցվածքով: Հայաստանի արտաքին քաղաքականությունը այս 10 տարիներին հենց այդ անտարբերության ուղիով էլ ընթացավ, ինչը նախանշվեց Սերժ Սարգսյանի ու հաջողությամբ իրականացվեց Էդուարդ Նալբանդյանի կողմից: ՀՀ արտաքին քաղաքականության բացառիկ նախաձեռնությունը 2008թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էր, որն էլ անփառունակ ավարտ ունեցավ: Կարեն Կարապետյանի անվան ներքո իր համար ժամանակավոր կառավարություն ստեղծող Սերժ Սարգսյանը դեռ նախորդ տարի էր մտմտում Նալբանդյանին փոխարինելու մասին, սակայն վերջինս հաջողեցրեց պահպանել պաշտոնը մեկ տարով: Լիովին սպասելի է, որ 2018թ. գարունը վերջինը կլինի ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունների, այլեւ Է. Նալբանդյանի նախարարական կարգավիճակի համար:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ԵՂԲԱՅՐԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Այս տարվա նոյեմբերի 5-ին Հայաստանի 10 մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Ի դեպ, 34 խոշորացված համայնքներում եւս կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է վեց հոգի: Նշենք, որ Ալագյազը եւս խոշորացվող համայնքային կենտրոն է:

Իսկ ահա Ապարանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երկուսն են` «Գնթունիք» ընկերության ավագ հաշվապահ Հովհաննես Ալեքսանյանը եւ նույն ընկերության տնօրեն Կարեն Եղիազարյանը, ով ՀՀԿ-ական է եւ այդ կուսակցության կողմից առաջադրված: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաշվապահի առաջադրումը ձեւական բնույթ է կրում, եւ չի բացառվում, որ նա առաջիկայում փաստաթղթերը հետ վերցնի` տնօրենին թողնելով միայնակ պայքարելու ինքն իր դեմ: Ըստ որոշ տեղեկությունների` Կարեն Եղիազարյանին սատարում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նույն մարզի Արագածավան համայնքում պայքարի են դուրս եկել Արտենիի նախկին գյուղապետը եւ Արագածավանի գործող ՀՀԿ-ական գյուղապետը: Ծաղկահովիտում պայքարն ընթանալու է երեք հոգու` գործող գյուղապետի, Հնաբերդի նախկին գյուղապետի եւ մյուս անկուսակցական թեկնածուի միջեւ:
ՀՀ Արարատի մարզի Ավշարի գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է երկու անձ՝ գործող գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը եւ Սամվել Հովսեփյանը: Ի դեպ, նշենք, որ Սուրիկ Գրիգորյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է, եւ երկար տարիներ է, ինչ նա Ավշարի գյուղապետն է: Հուսանք` այս ընտրություններին գյուղապետի կրտսեր մարզպետ եղբայրը չի «միջամտի»: Իսկ Արարատ քաղաքում առաջադրված գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկ Հայկյանը կպայքարի «Կառույց» ԱԿ-ի վարպետ Արտյոմ Պողոսյանի հետ: Ըստ արարատցիների` այս քաղաքում եւս չի սպասվում թեժ մրցակցություն, եւ հնարավոր է՝ առաջիկայում վարպետ թեկնածուն ինքնաբացարկ հայտարարի:
Մեր երկրում տեղի ունեցող ընտրությունները առանց «Արմենիա Գազպրոմ» ընկերության աշխատակիցների չեն անցնում. Արարատի մարզի Դարակերտի գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել են նշված ընկերության ՀՀԿ-ական վարորդ-փականագործ Արմեն Հովհաննիսյանը եւ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը: Իսկ Այնթապում գործող ՀՀԿ-ական գյուղապետ Կարեն Սարգսյանը ինքն իր դեմ է պայքարելու:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՄԻ «ԳԾԻ» ՀԱՐՑ ՉԼՈՒԾՎԵՑ
2014թ. հոկտեմբերից Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղին չի գործում: Մինչ այդ նշված «գծում» միկրոավտոբուսային ուղերթներ էր կատարում «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն: Արդեն 3 տարի Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքից մայրաքաղաք եւ հակառակ ուղղությամբ ուղեւորների փոխադրումը կատարվում է միայն տաքսի ավտոմեքենաներով: Դա բազում անհարմարություններ է ստեղծում ուղեւորների համար. տաքսու ուղեվարձը միկրոավտոբուսի համեմատ թանկ է: Տաքսի մեքենաներով ուղեւորվելու դեպքում հայտնի չեն լինում մեկնելու եւ ժամանման ժամերը, ճանապարհին տաքսիները կայանում են՝ գազ լիցքավորելու համար, տաքսիստների մեջ լինում են երիտասարդ, անփորձ վարորդներ եւ այլն:
Նշենք, որ 2017թ. հուլիսի 20-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքին: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, որ այդ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության ամբողջ տարածքում տրանսպորտային սպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ: Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքը ավտոբուսային կամ միկրոավտոբուսային երթուղով ապահովելու հարցը չլուծվեց, Հայաստանի ողջ տարածքը հասարակական տրանսպորտով սպասարկելու հարց ո՞նց է լուծվելու:

 

 

ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՅՈՒՂ ԵՎ ՊԱՆԻՐ ՍԱՐՔԵԼ
Նախկինում Տավուշի մարզում գործել են բնակչությունից կաթ ընդունող կոոպերատիվ ընկերություններ: Միջազգային տարբեր ծրագրերով ստեղծված այդ կոոպերատիվները շուրջ 10 տարի առաջ դադարեցրել են իրենց գործունեությունը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի՝ սեպտեմբերի 29-ին Իջեւան քաղաքում կայացած ասուլիսի ժամանակ մարզի ղեկավարին հարց տրվեց կաթ ընդունող գյուղատնտեսական կոոպերատիվների մասին: Մարզպետն ասաց, որ այդ կոոպերատիվները վաղուց դադարել են գործել: Այժմ Տավուշի մարզում կաթ են ընդունում «Աշտարակ կաթ» ընկերության եւ այլ ընկերությունների շրջիկ ավտոմեքենաները: Մարզպետի խոսքերով` «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը Ֆրանսիայից ներկրել է կաթի վերամշակման արդի սարքավորումներ եւ պատրաստ է Տավուշի մարզի գյուղացիական տնտեսություններից վերամշակման նպատակով մեծ քանակությամբ կաթ ընդունել: Սակայն Տավուշի մարզի անասնապահներին ձեռնտու չէ կաթ մթերող կազմակերպությունների առաջարկած, կաթի ընդունման ցածր գները: Այդ պատճառով գյուղացիները գերադասում են իրենց կովերի կաթը չհանձնել մթերող ձեռնարկություններին, այլ կաթից յուղ, պանիր, մածուն պատրաստել եւ դրանք իրացնել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս